Գերեվարված եւ խոշտանգված. Ըստ փաստաբանների, «վաղուց ժամանակն է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնի»

08-03-2014
563 դիտում
Գերեվարված եւ խոշտանգված. Ըստ փաստաբանների, «վաղուց ժամանակն է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնի»

Ադրբեջանում խոշտանգված Հայաստանի 77-ամյա քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհապաղ պետք է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, Ադրբեջանը նախ եւ առաջ խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Նա չէր կողմնորոշվել տեղանքում եւ Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո Մամիկոն Խոջոյանը Հայաստան է վերադարձվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայաստան տեղափոխվելուց հետո, ծերունու մարմնի վրա բժիշկները հայտնաբերել էին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Իրավիճակը բարդությունը հաշվի առնելով, Խոջոյանը Իջեւանից տեղափոխվել է Երեւան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրա վիճակը բժիշկները «կայուն ծանր» են գնահատում :

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Էդմոն Մարուքյանի խոսքով, Մամիկոն Խոջոյանի հարցը կարող է բարձրացվել նաեւ Ժնեւյան կոնվենցիայի մասով, այն իմաստով, որ Հայաստանի քաղաքացիական անձը  որպես գերի պահվել է զինված ուժերում:

ՄԻԵԴ-ում  նմանատիպ գործերով ընդդեմ Ադրբեջանի հայ իրավապաշտպանների կողմից ներկայացված դիմումներ կան:

2011 օգոստոսին հայցադիմում էր ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 22 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի նկատմամբ խոշտանգումներն ու անազատության մեջ պահելը ՄԻԵԿ 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումներ ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ Արթուր Բադալյանի դեպքին «Մեդիալաբը» պարբերաբար անդրադարձել է:

2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ  Արթուր Բադալյանը ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվելով՝ հայտնվել էր Ադրբեջանում: Բադալյանը «Մեդիալաբին» պատմել է թե ինչ կտտանքների ենթարկվել սահմանից այն կողմ:

2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, պարբերաբար ծեծի ու ստորացումների են ենթարկել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում՝ հիշում է` ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:

Շատ դեպքերում քաղցած է օրն անցկացրել:

«Ահավոր վիճակ էր: Շորերս լվանում էի այն ժամանակ, երբ կամերան քլորով «մաքրում» էին: Ստիպված աչքերս լաթով կապում էի, որ չկուրանամ: Սաղ գիշեր մերկ վիճակում հագուստս թափահարում էի կամ պառկում վրան՝ մարմնիս ջերմությամբ չորացնելու համար: Սնունդ չկար: Փչացած հացի երեսով եմ սնվել»,- «Մեդիալաբին» պատմել է Բադալյանը:

Արթուր Բադալյանի դեպքով գանգատը գրանցվել է ՄԻԵԴ-ում:

Էդմոն Մարուքյանն ասում է, որ նմանատիպ գործերը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն եւ պետությունը պետք է հստակ քաղաքականություն որդեգրի:

«Ես իմ ողջ հույսը դրել եմ նրա վրա  որ, եթե մեկ գործով մենք ՄԻԵԴ-ում հաղթենք, ապա դա լուրջ նախադեպ կդառնա եւ հետագայում կկանխի նմանատիպ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները, որոնք Ադրբեջանում ուղղակի պրակտիկա են  դարձել »,-նշում է իրավապաշտպան պատգամավորը:

Մարուքյանն, այնուամենայնիվ, նշում է, որ Արթուր Բադալյանի գործով  պետությունը իրավական որեւէ աջակցություն չի ցուցաբերել:

«Եթե անգամ անհատներն են ներկայացնում հայցը, Հայաստանի հանրապետությունը կարող է երրորդ կողմ հանդիսանալ:Ես կողմնակից եմ, որ սկզբից անհատները դիմեն, բայց դա ֆորմալ մասն է, որովհետեւ պետությունը պետք է աջակցի այդ մարդկանց՝ ներգրավի պրոֆեսիոնալ փաստաբաններ, որովհետեւ ՄԻԵԴ բողոք գրելը շատ աշխատատար ու ծավալուն գործ է», -«Մեդիալաբին» ասում է Մարուքյանը:

Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, Իրավունքի գերակայություն ՀԿ հիմնադիր անդամ, իրավապաշտպան Արա Զաքարյանը, ով զբաղվում է Ադրբեջանում սպանված Մանվել Սարիբեկյանի գործով,  կարծում է, որ վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հայցով դիմի ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի:

« Ես վաղուց առաջարկել եմ, որ հայաստանը որպես պետություն դիմի դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ հավաքելով բազմաթիվ, տասնյակ գուցե եւ հարյուրավոր նմանատիպ գործեր: Դրա հնարավորությունը կա»,-համոզված է նա:

Արա Ղազարյանի խոսքով, Հայաստանը չպետք է բավարարվի նմանատիպ գործերի մասին միայն քաղաքական ամբիոններում բարձրաձայնելով: Պետք է օգտագործվեն նաեւ դատական ատյանները:

Հիշեցնենք, որ  20-ամյա Սարիբեկյանը 2010թ-ի սեպտեմբերի 11-ին անասուններին որոնելիս մոլորվել է սահմանամերձ գոտում, որից հետո հայտնվել գերության մեջ` ադրբեջանական կողմից ստանալով «դիվերսանտ, ահաբեկիչ» որակավորումը : 

Իսկ  Հոկտեմբերի 5-ին  Ադրբեջանի ՊՆ-ն եւ Ռազմական դատախազությունը հայտարարություն էր տարածել, թե  «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել»:

Մանվել Սարիբեկյանի գործով գանգատը նույնպես ՄԻԵԴ-ում է: Գործի քննությունն սկսելու վերաբերյալ առայժմ նորություններ չկան:

Արա Ղազարյանի խոսքով, Մամիկոն Խոջոյանի հետ կատարվածը նույնպես քսենոֆոբիայի դրսեւորում է, որովհետեւ եթե նրան խոշտանգել են, ապա դրա պատճառը միայն ծերունու հայ լինելն է:

« Այս գործը նույնպես կարող է ՄԻԵԴ ուղարկվի, ուղղակի պետք է փաստերը շատ եւ բավարար չափով ֆիքսված լինեն, որպեսզի ՄԻԵԴ-ում հնարավոր լինի ստեղծել  կանխավարկած, որ նրան խոշտանգել են կամ արգելված վերաբերմունք  են դրսեւորոել,  ավելին , քան արվում է սովորական  պայմաններում, ասենք, անձին ձերբակալելիս: Եթե այդ կանխավարկածը հնարավոր լինի ստեղծել, ապացուցման դերը անցնելու է Ադրբեջանի իշխանությունների վրա՝ այն պետության որի իշխանության բացարձակ իրավազորության վրա գտնվել է անձը»,-«Մեդիալաբին»  ասում է Արա Ղազարյանը:

Ըստ փաստաբանի, պետք է ֆիքսել եւ հիմնավորել, որ Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա խոշտանգումների հետքերն առաջացել են ոչ թե դրանից առաջ կամ հետո, այլ հենց Ադրբեջանում գտնվելու ժամանակ: Ըստ նրա, պետք է ներկայացվի, որ ուղիղ պատճառահետեւանքային կապ կա նրա այսօրվա հոգեվիճակի եւ ֆիզիկական առողջության ու Ադրբեջանում գտնվելու միջեւ:

Փաստաբանի խոսքով, մինչեւ ՄԻԵԴ դիմելը կարելի է օգտվել նաեւ Մինսկի կոնվենցիայի ընձեռած հնարավորությունից եւ դիմել Ադրբեջանի իրավապահներին: Նման նախադեպ եղավ Մանվել Սարիբեկյանի գործով, թեեւ ադրբեջանական կողմը չպատասխանեց հայկական կողմի նամակներին:

Արա Ղազարյանի կարծիքով, բացի ՄԻԵԴ-ից նման գործերով, Հայաստանը պետք է դիմի նաեւ ՄԱԿ-ի տարբեր կոմիտեներ, ընդ որում՝ ոչ միայն զեկույցներ ուղարկի, այլեւ կոնկրետ գործեր:

«Պետք գործել ոչ միայն քաղաքական այլեւ իրավական հարթության մեջ»,-վստահ է Արա Ղազարյանը

Էմմա Քալաշյան

Լուսանկարում` զինվորականները`գերեվարված եւ սպանված Մանվել Սարիբեկյանի դագաղի շուրջ:

© Medialab.am