«Վերջինն Ուկրաինայի օրինակն է, մարդիկ խաղաղ դուրս եկան, իրենց պատասխանեցին ուժով, և ի՞նչ եղավ». Վերլուծաբաններ

23-07-2016
9368 դիտում
«Վերջինն Ուկրաինայի օրինակն է, մարդիկ խաղաղ դուրս եկան, իրենց պատասխանեցին ուժով, և ի՞նչ եղավ». Վերլուծաբաններ

Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբի մասին երեկվա հայտարարությունում ավելի շատ իր դիրքորոշումներն է ներկայացրել, քան թե լուծումների մասին պատկերացումներ հայտնել: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Միևնույն է, նա ասել է այն, ինչ իրենք արդեն ասել էին մտավորականների կամ այլոց շուրթերով, որ զենքերը պետք է վայր դնեն, հետաքննություն պետք է տեղի ունենա: Նորություն չկար»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Իր ելույթում չանդրադառնալով «Սասնա ծռերի» հիմնական պահանջին, որն իր հրաժարականին է վերաբերում, Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու վեցերորդ օրը Սերժ Սարգսյանը խոսեց ու զինված խմբին կոչ արեց վայր դնել զենքներն ու ազատ արձակել պատանդներին:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ իշխանությունները երկար չեն կարող հանդուրժել այս իրավիճակը:

«Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա: Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,- ասել է նա:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ այս ելույթով Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ հրաժարական չի տա: Իսկ ի՞նչ է սպասվում այս իրավիճակում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Այս հարցին վերլուծաբանը պաստախանում է, որ մնացածը թերևս «Սասնա ծռեր» խմբի որոշելիքն է:

«Այո, Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ բացարձակապես չի էլ անդրառանում հրաժարականի պահանջին: Թերևս այստեղ խմբի որոշելինք է, կամ ինքը պետք է գնա քաղաքական լուծումների և մտածի, թե ինչ փոխզիջումային բաներ կարող են լինել, կամ իր հետևություններն անի ու ասի, չեմ հանձնվում, ինչն անշուշտ կլինի ամենավատ տարբերակը»,- ասում է Սաֆարյանը: Նրա խոսքով՝ արյունահեղության ռիսկեր այս պահին էլ կան:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել, քանի որ մի կողմից, իհարկե, ինքը հասկանում էր, որ որքան էլ անտեսի տեղի ունեցող իրադարձությունները, դա քաղաքական չհամարի, այնուամենայնիվ հասարակության մոտ այն՝ որպես քաղաքական պրոցես, ընթանում է: Եվ եթե իշխանությունը, ԱԱԾ-ն անհաջող փորձ արեցին դա ահաբեկչություն որակելու, այնուամենայնիվ հասարակության մեջ արարքի քաղաքական ասպեկտն է քննարկվում:

«Եվ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ ուզի-չուզի այդ խնդրին պիտի անդրադառնա: Նա միգուցե այս օրերի ընթացքում հույս ուներ, որ կհաջողվի որևէ ձևով հանգուցալուծել իրավիճակը, բայց հասկացան, որ դա էլ տեղի չի ունենում: Եվ դրա համար ստիպված էին արդեն խոսել: Նաև ի նկատի ունենանք, որ Հայաստանի համար շատ կարևոր բոլոր ուժային կենտրոններն այսպես թե այնպես իրենց ասելիքն ասել էին: Այսինքն՝ ստացվում էր, որ Վաշինգտոնից տեսնում են, որ Հայաստանում բան է կատարվում, Մոսկվայից տեսնում են, բայց Հայաստանի իշխանությունները պետքը չէ»,- հավալեց նա:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մտահոգիչ է համարում Սերժ Սարգսյանի ելույթի վերջին մաս:

«Ասում է՝ մենք երկար սպասել ենք, էլ չենք կարող երկար հանդուրժել: Դա նշանակում է, որ իշխանություններն ադեկվատ չեն արձագանքում այսօրվա իրավիճակին: Ուղղակի իրենք չեն հասկանում վտանգը: Երբ որ մարդիկ ստիպված են զենք վերցնել, դա նշանակում է, որ շատ քայլեր, որն իշխանությունն արել  է շատ սխալ է արել»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը:

Նա իշխանություններին հորդորում է ուժային քայլերի չգնալ, իսկ եթե գնան ուժային ճանապարհով, այս պայքարը կշարունակվի Հայաստանի տարբեր տեղերում:

«Այս տղերքը տանում են լեգիտիմ պայքար, ամբողջ Հայաստանում ունեն աջակցություն ժողովրդի կողմից: Եթե դու բռնություն կիրառես, կտարծվի դա: Վերջին օրինակը Ուկրաինայի օրինակն է, մարդիկ խաղաղ դուրս եկան, իրենց պատասխանեցին ուժով, և ի՞նչ եղավ: Մեր իշխանությունները երևի լավ չեն ուսումնասիրել Ուկրաինայի փորձը»,- ասում է Գրիգորյանը:

Այս փակուղային իրավիճակում, քաղաքագետի խոսքով, պարզ զիջում կա, այն է՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Դա կթոթափի առկա լարվածությունը, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, նրա խոսքով, կքննարկեն դրանից հետո: Ըստ քաղաքագետի՝ իշխանափոխություն գործընթացը Հայաստանում սկսվել է, եթե իշխանությունները չեն հավատում դրան, մոտ ժամանակներս կտեսնեն: Ավելին, հենց իշխանություններն իրենք են արագացնում այդ գործընթացը:

Սերժ Սարգյանի երեկվա հայտարությանն անմիջապես հետևեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը դեպքերի մասին: Առաջին նախագահն ըստ էության պաշտպանում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ զինված խմբին հորդորելով սթափ որոշումներ կայացնել: Նա, ինչպես և Սերժ Սարգսյանը, ասում է, որ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ թերևս Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմն էլ պետք է տեղավորվեին ըստ Սերժ Սարգսյանի և արեցին դա:

«Խոսեցին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն արդեն խոսել էր, և իրենք էլ պետք է այս կամ այն ձևով դիրքավորվեին և իրադարձութան, և Սերժի ելույթի նկատմամբ:
Իրենք էլ դիրքավորվում են են՝ ում են մոտ՝ խմբին, թե՞ Սերժ Սարգսյանին: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանն ավելի շատ համերաշխություն է հայտնել Սերժ Սարգսյանին»,- ասում է Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am