Հայաստան-Ֆրանսիա. Չմոռանաս ժպտալ, երբ սպասում ես  բալիկիդ լույս աշխարհ գալուն. «Ալամեզոն» Բլոգ

02-10-2017
7241 դիտում
Հայաստան-Ֆրանսիա. Չմոռանաս ժպտալ, երբ սպասում ես  բալիկիդ լույս աշխարհ գալուն. «Ալամեզոն» Բլոգ

Հղիությունը երջանիկ և պատասխանատու շրջան է ցանկացած կնոջ կյանքում: Ես, իհարկե, բացառություն չէի, մեծագույն երջանկություն և միևնույն ժամանակ պատասխանատվություն և վախի զգացում ունեի, մանավանդ որ ուրիշ երկրում ես, ուրիշ աշխատելաոճ ունեցող բժիշկների հսկողության տակ: Վերջերս հարցում կազմակերպեցի` հայաստանաբնակ մայրիկներին խնդրեցի նկարագրել այն հիվանդանոցը և հիվանդասենյակը, որտեղ բալիկի հետ մնացել են իրենք ծննդաբերությունից հետո: Արդյունքը անսպասելի էր. գրեթե բոլորը մնացել էին լյուքս հիվանդասենյակներում, բնականաբար` վճարովի, իսկ ոմանք էլ` իսկապես արքայավայել` 3-սենյականոց «բնակարան» հենց հիվանդանոցում, մեկմետրանոց հեռուստացույցով, բազմոցով, խոհանոցով:

Իսկ ինչպե՞ս է Ֆրանսիայում: 

Հիվանդանոց 

Պիտի նշեմ, որ այստեղ կարող ենք ընտրել ցանկացած բժիշկ, հիվանդանոց, կլինիկա, լինի պետական թե մասնավոր, և այդ ամենը` բոլորովին անվճար: Ոչ մի հիվանդանոց չունի լյուքս կամ եռահարկ սենյակներ: Չեն տարբերվում նաև բժիշկների և գլխավոր բժիշկների աշխատասենյակները, «հավասարություն» բառի իմաստը լավ գիտեն այստեղ:

Ես ընտրել էի քաղաքային`Hautpierre հիվանդանոցը:

Սենյակը, որտեղ մնացել եմ, ստանդարտ էր` երկու հոգու համար: Եթե ապահովագրություն ունես (իսկ այստեղ բոլոր աշխատողներն ունեն), կարող ես առանձին սենյակ խնդրել, որը տարբերվում է միայն նրանով, որ մեկ մահճակալ կա: 

Բոլոր սենյակներում անխտիր կա լոգասենյակ: Ամեն ինչ գծագրված է միլիմետրի ճշգրտությամբ, որպեսզի թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար սենյակները և ընդհանրապես հիվանդանոցը լինեն հարմար, պրակտիկ, ոչ թե շքեղ ժամանցի վայր: Սենյակներն ամեն առավոտ մաքրում են, իսկ բուժքույրը փոխում է անկողինը առանց մրթմրթալու, հետո հարցուփորձ անում` ինչպե՛ս եմ քնել, ինչպե՛ս է երեխան կաթ կերել, և դա չնայած նրան, որ կոճակի սեղմումով կարող են անթիվ անգամ քո կանչով մինչև առավոտ վազել քո սենյակ, եթե կարիքը զգում ես:

Երկրորդ օրվանից նախաճաշը կարող ես անել ճաշասենյակում, որը մի քանի քայլ այն կողմ է, հագեցած նախաճաշի համար ամենաբազմազան և թարմ սննդով: Իսկ ճաշը և ընթրիքը մատուցում են սենյակում:

Սնունդը միգուցե հայաստանաբնակի համար կարող է անհրապույր լինել, բայց այն իսկապես համեղ է, թանկ և օգտակար բաղադրիչներով, գալիս է փակ վիճակում` ռեստորանից: Իսկ հիվանդանոցը տրամադրում է երեխայի և մոր խնամքի, հիգիենայի համար ցանկացած պարագաներ: 

Միջինը երեք օրվա ընթացքում քույրերի հսկողության ներքո մայրերը սովորում են ինչպես խնամել երեխային, լողացնել, կերակրել, և այդ ամենի մեջ այնքան սեր և նվիրվածություն ես տեսնում, որ չես կարող չհուզվել:

Ընդհանրապես, բուժանձնակազմի նման վարքագիծը այստեղ սովորական բան է, համենայնդեպս, այն, ինչ տեսել եմ իմ աչքով հինգ տարիների ընթացքում: Չափազանց հոգատար և, ամենակարևորը` պրոֆեսիոնալ բժիշկներ, ովքեր քեզ քաջալերում և աջակցում են, որոնց համար քո ծննդաբերությունը ոչ թե մեկն է այն հազարից, որ ինքը տեսել է, այլ ևս մեկ հրաշք...

Երբ տղայիս ժամանակ էի գնացել բժշկի... մինչ քույրը անալիզներ էր վերցնում, բժիշկը ստուգում, ես սարսափած, թե ի՛նչ է ինձ սպասում, արտասվում էի և դողացնում, իսկ բուժքույրը, որ բավականին տարիքով էր, ձեռքս շոյեց և ասաց.

Մայրի՛կ ջան, չենք մոռանում ժպտալ և ուրախանալ, ձեր առաջնեկն է, և դուք չեք էլ պատկերացնում` ի՜նչ հրաշք է ծնվելու, հրաշքին արցունքով չեն դիմավորի...

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog