Մհեր Արշակյանին ուղղված սպառնալիքների գործով կզբաղվի ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը

26-10-2017
6386 դիտում
Մհեր Արշակյանին ուղղված սպառնալիքների գործով կզբաղվի ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը

Լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ Գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 9-ին թվագրված գրությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ medialab.am լրատվական կայքում հրապարակված՝ Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագրով նյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ սպառնալիք հղեց նյութի հեղինակին.

«Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:

Մեկնաբանության հեղինակը, որը Ֆեյսբուքում գրանցված էր հունատառ անունով, ավելի ուշ հեռացրեց այդ մեկնաբանությունը, ապա ինքնաջնջվեց սոցիալական կայքից:

ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համոզմունք է հայտնել, որ մեկնաբանությամբ նշված սպառնալիքներն ավելի քան իրական են և միտված են վախեցնելու և տագնապ առաջացնելու լրագրողի մոտ, ինչը քրեորեն հետապնդելի արարք է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է հարուցել քրեական գործ, հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել սպառնալիք տված անձին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ