Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է»․ FIP.am

Հունվարի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն ընդունված օրենքի, 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ֏300 հազարը գերազանցող յուրաքանչյուր գործարք անհատ ձեռնարկատերերը, նոտարները, փաստաբանները և կազմակերպությունները պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով, իսկ ֆիզիկական անձանց համար անկանխիկ գործարքի շեմը սահմանվել է ֏500 հազարից ավելին։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 17-ին։

Երկրորդ ընթերցման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս ելույթում նշեց, որ անկանխիկ գործարքներն առաջին հերթին ստվերի դեմ պայքարի համար են․ «Բանկը դա արյունատար անոթն է, էսօր շատ լավ վիճակում է Հայաստանի տնտեսությունը․․․ և ֏300 հազարը դեռ շատ բարձր գումար է, դա էլ պետք է նվազեցվի ապագայում․․․»,- ելույթում նշեց Սուքիասյանը։

Հատկանշական է, որ անկանխիկ և բանկային համակարգով գործարքների ավելացման նախագծի վերաբերյալ ՔՊ խմբակցության անունից ելույթ է ունենում Խաչատուր Սուքիասյանը, որը զգալի մասնաբաժին ունի «Հայէկոնոմբանկում»։ Սուքիասյանը որպես ԱԺ պատգամավորի թեկնածու ներկայացրած հայտարարագրում նշել է, որ «Հայէկոնոմբանկում» ունի հասարակ (12․02%) և արտոնյալ (5.75%) բաժնետոմսեր` ընդհանուր՝ 17․83%-ի, իսկ տարեկան շահաբաժինը կազմել է 57․3 մլն դրամ։ 

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անկանխիկ գործարքների ավելացումը կնպաստի բանկային գործարքների ավելացմանը, հետևաբար՝ նաև բանկերի շահութաբերությանը։

Համաձայն ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 4-րդ հոդվածի, «պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Ըստ նույն օրենքի՝ շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ։

Սուքիասյանն օրինագծի առաջին ընթերցման քվեարկության ժամանակ բացակա է եղել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ և՛ ելույթ է ունեցել, և՛ կողմ է քվեարկել։

Սուքիասյանը պաշտոնն ստանձնելիս նշել է, որ «Հայէկոնոմբանկի» մասնաբաժինը հանձնել է հավատարմագրային կառավարման, սակայն բանկի պաշտոնական կայքում նշված է, որ բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 71.85% (14․1 մլրդ դրամ) պատկանում է Սուքիասյաններին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանն է, հետևաբար՝ եթե ոչ Սուքիասյանը, ապա առնվազն նրա հետ փոխկապակցված անձինք զգալի մասնակցություն ունեն «Հայէկոնոմբանկում»։

Բացի Սուքիասյանից, Ազգային ժողովում կան այլ պատգամավորներ ևս, որոնք կամ որոնց փոխկապակցված անձինք շահաբաժին ունեն բանկերում, հետևաբար՝ այս նախագծի քննարկման և քվեարկության մասնակցելու հարցում կարող են ունենալ շահերի բախում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2020 թվականի տարեկան հայտարարագրի «արժեթղթեր և այլ ներդրումներ» դաշտում նշել է, որ 2019 թվականի փետրվարի 20-ից մասնակցություն ունի «IDBank» ՓԲԸ-ում։ Նրա բաժնեմասնակցությունը 5․25% է։

Նարեկ Զեյնալյանը օրենքի նախագծի և՛ առաջին, և՛ երկրորդ ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել, սակայն դարձյալ չի նշել, որ բաժնեմասնակցություն ունի IDBank-ում։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարագրում նշել է, որ նրա որդիները՝ Էրիկ և Էմիլ Գևորգյանները, 55 հազարական դոլարի պարտատոմսեր ունեն «Արդշինբանկում» և շահաբաժին են ստանում։ Պատգամավորը առաջին ընթերցման քվեարկության ժամանակ նախագծին դեմ է քվեարկել, երկրորդի ժամանակ բացակայել է։

Շահերի բախում կա՞, թե՞ չկա

Համաձայն նույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի, «շահերի բախման սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։ 

Օրենքի այս կետի համաձայն, թվարկված պատգամավորները տեխնիկապես շահերի բախում չունեն, քանի որ Խաչատուր Սուքիասյանը ելույթ է ունեցել ՔՊ խմբակցության անունից (չի բացառվում, որ խմբակցության անունից ելույթ ունենալու իրավունքը վերապահվել է Սուքիասյանին հենց այս նկատառումով)։ Բացի այդ, օրենքը կարող է անդրադառնալ հասարակական լայն շերտերին։ 

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ փաստացի՝ «Հայէկոնոմբանկի» 71․85%-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և օրենքի կիրառելիությունը բարելավելու է նրանց ֆինանսական վիճակը։

Ստացվում է, որ հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի և նրան փոխկապակցված անձանց` «Հայէկոնոմբանկում» ունեցած զգալի մասնաբաժինը՝ առնվազն խնդրահարույց է նրա գործուն մասնակցությունը բանկերի ֆինանսական վիճակը բարելավող օրենքների քննարկմանը և քվեարկությանը, թեպետ նախագծի վերաբերյալ ելույթ ունենալը կամ քվեարկության մասնակցելը, ըստ օրենքի ձևակերպման, չի առաջացնում շահերի բախում։ 

Փաստերի ստուգման հարթակ