«Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը». Վահան Թումասյան

07-12-2017
1773 դիտում
«Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը». Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

- Պարո՛ն Թումասյան, 1988-ի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել, իշխանությունը չկարողացավ վերջնական լուծում տալ Գյումրիում անօթևանության խնդրին: Ի՞նչ իրավիճակ է այսօր:

- Անցած 29 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվեց Գյումրիում քաղաքաշինական խնդիրներն ավելի բարդացնել՝ վերածելով սոցիալական և հոգեբանական խնդիրների: Եթե մենք հետերկրաշարժյան տարիներին ունեինք միայն քաղաքաշինական խնդիրներ, ապա այսօր քաղաքաշինական խնդիրները բարդացել են, դարձել խոր սոցիալական խնդիրներ: Մարդու տարրական սոցիալական իրավունքները Գյումրիում ոտնահարված են: Մարդիկ ապրելու հասարակ պայմաններից զուրկ են:

Այս իրավիճակի համար ես միայն ներկայիս իշխանություններին չեմ մեղադրում, մեղավոր են բոլոր իշխանությունները: Մեր բախտն իրականում չբերեց, քանի որ երկրաշարժի ժամանակահատվածին համընկան ԽՍՀՄ փլուզումն ու Արցախյան պատերազմը: Երրորդ` ունեցանք իշխանություններ, որոնք փորձ չունեին և չէին կարող այդ հսկա խնդրի տակից դուրս գալ: Եվ Գյումրիում զրկանքները շարունակվեցին տասնամյակներ, ինչի հետևանքով այսօր քաղաքում ունենք մոտ 2000 ընտանիք, որոնք ապրում են բնակարանային տարրական պայմաններից զուրկ միջավայրում՝ կա՛մ վագոն տնակներում, կա՛մ էլ կիսաքանդ շենք-շինություններում: Մոտ 10 հազար մարդու մասին է խոսքը:

- Այդ ընտանիքներից քանի՞սն են երկրաշարժի հետևանքով անօթևանները:

- Անօթևան ընտանիքների մոտ կեսը երկրաշարժի հետևանքով է դարձել անօթևան, մյուս կեսն անօթևան է երկրաշարժի անուղղակի հետևանքներով: Այսինքն՝ եթե երկրաշարժը չլիներ, Գյումրիում այսօր նման խնդիր չէր լինի: Մի մասն անօթևան է երկրաշարժի հետևանքների չվերացման պատճառով: Եվ այդ հետևանքների չվերացումը բերում է սոցիալական բարդությունների, որոնք ավելի երկարաժամկետ են ու ավելի ծանր: Ստեղծվել է իրավիճակ, որ պետության ուժերից այլևս վեր է այս խնդիրների լուծումը:

Այսօր Գյումրիում տնակային ավաններում ապրողներին կարելի է երկու խոշոր խմբի բաժանել՝ միայնակ տարեցներ և բազմազավակ ընտանիքներ: Նրանց մեծ մասը առանց տղամարդկանց ընտանիքներն են: Աղքատությունը տնակային ավաններում խոր հիվանդություն է առաջացրել, հիվանդ երեխաները չեն շարունակում ուսումը, որովհետև հեռանկար չեն տեսնում: Ամենադաժան բանն այն է, որ իրենք այդ ծայրահեղ աղքատությանը համակերպվել են: Եվ ի՞նչ պետք է անի երեխան, եթե աղքատության մեջ է և ուսումը չի շարունակում: Պետք է իր նմանի հետ ամուսնանա, և աղքատությունը վերարտադրվում է: Բարոյահոգեբանական այն բոլոր երևույթները, որոնք կան մեր հասարակությունում, այսօր խտացված են տնակային ավաններում: Եվ փաստորեն մենք այսօր Գյումրիում երկու քաղաք ունենք՝ տնակային ավաններ, որտեղ ինքնամեկուսացված ու թերարժեքության բարդույթներով տառապող անձինք են, և ունենք քաղաք, որը կամաց-կամաց փոքրանում է, աշխատունակ տարիքի անձինք արտագաղթում են: Ստացվում է, որ աղքատ խավը քաղաքում գերակշռող է դառնում:

- Իշխանության ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին՝ շքեղ ավտոմեքենաների շարասյունով: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է լուծել գյումրեցիների խնդիրները, ասում է՝ ուղղակի պետք է համբերել ու լավատես լինել: Իշխանությունների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում:

- Ես ուզում եմ լավատես լինել, որ իրենք պարզապես անիրազեկ են: Ես հասկանում եմ, որ իրենց մոտ այդ գիտակցությունը չկա, որովհետև իրենք չեն տեսել աղքատություն: Իրենք չգիտեն, թե ինչ է աղքատ երեխա: Իրենց խոսքերում իշխանություններն անկեղծ չեն, որովհետև անկեղծ պատասխանը մարդու հայացքից էլ է երևում: Հասկանում ենք, որ իշխանությունների խնդիրն է հասարակությանը խոստումներով կերակրելը, բայց նաև այդ կերակրելու կողքին իրենք չեն գիտակցում, թե ինչ է կատարվում: Աղքատության, ճգնաժամի ու աղետի հետևանքներն ու խորությունն իրենք այսօր չեն գիտակցում: Եթե գիտակցեին, հաստատ գոնե կլռեին: Կասեին՝ գիտեք ինչ, մեր ուժերից վեր են այդ լուծումները: Ավելի անկեղծ կլիներ, եթե այդպես ասեին և համայն հայությանը կոչ անեին միավորվել ու լուծել այդ խնդիրները:

- Իսկ գյումրեցին կարո՞ղ է սպասել, մի քիչ էլ համբերել, ինչպես վարչապետն է հորդորում:

- Ուզեն-չուզեն` մարդիկ սպասելու են: Բայց ոչ թե սպասում են, որ լավ է լինելու, այլ իրենք համակերպվել են այդ ծանր վիճակին: Նաև մարդիկ արտագաղթում են, բայց Գյումրիից արտագաղթում է հիմնականում այն խավը, որը կարող է իր կյանքն ինչ-որ կերպ նաև Գյումրիում դասավորել: Այսինքն՝ ծայրահեղ ծանր աղքատ խավը չի արտագաղթում: Իշխանությունները գյումրեցու մեջ սպանել են նպատակ ու երազանք ունենալը: Իրենք ոչ միայն ի վիճակի չեն արտագաղթելու, այլ նաև արտագաղթելու ցանկություն էլ չունեն: Իրենք համակերպվել են, որ պետք է գնան խանութ ու պարտքով հաց վերցնեն, թոշակ ու նպաստ ստանան, պարտքը տան, գան «Շիրակ» կենտրոնից վառելափայտ տանեն: Սա վտանգավոր միտում է, և մեկ ընտանիքի մասին չէ խոսքը: Մենք 22 բնակարան միայն այս տարի ենք տվել նման ընտանիքներին, բայց խնդիրը մեծ է:

- Լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

- Իշխանությունները պետք է խոստովանեն, որ խնդրի լուծումն իրենց ուժերից վեր է: Խնդիրը հնարավոր է լուծել համայն հայության ուժերով: Բայց որպեսզի համայն հայությունը կանգնի և կարճ ժամանակում լուծի, իշխանությունը պետք է դա խոստովանի, դա ամոթ չէ: Քանի դեռ իշխանությունը չի տեսել աղքատ ընտանիքին, չի տեսել հիվանդ երեխային, ով տաքության մեջ է, և դեղորայք ու հաց չկան, չի կարող աղքատությունը պատկերացնել: Ես կոչ եմ անում իշխանություններին` Գյումրիի կենտրոն գալու փոխարեն պատահական տնակ մտնել, զրուցել մարդկանց հետ: Դա կօգնի իրենց գործին, պետք է իջնել շքեղ մեքենայից, մտնել նման ընտանիքներ, տեսնել սոված ու ցրտին առանց վառելիքի ապրող երեխաներին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am