«Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն իր վերարտադրությունն ապահովողներին շնորհակալություն է հայտնում». Անահիտ Բախշյան

04-02-2018
9989 դիտում
«Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն իր վերարտադրությունն ապահովողներին շնորհակալություն է հայտնում». Անահիտ Բախշյան

Պետական գերատեսչությունների կողմից քեֆերի ու կորպորատիվ միջոցառումների վրա բյուջեից հսկայական գումարներ ծախսելը բարոյական քայլ չէ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի՝ պետական գերատեսչություններն ավելի քան 30 մլն դրամ են ծախսել ամանորյա կորպորատիվների համար:

«Ընդհանրապես ներկայացուցչական ծախսերը պետք է նպատակ ունենան, և մեր հասարակության հարկերը պետք է արդյունավետ ու նպատակային օգտագործվեն: Եթե այդ միջոցները ծախսում են ընդամենը կորպորատիվ քեֆերի համար, դա ընդունելի չէ: Քե՞ֆ են ուզում անել, թող յուրաքանչյուրն իրենց գրպանից գումար դնի ու անի»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանն ուսումնասիրել էր գերատեսչությունների կորպորատիվ ծախսերը և պարզել, որ ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ամանորին ընդառաջ պետական կառույցները բյուջեի հաշվին 30 միլիոն դրամից ավելի արժողությամբ կորպորատիվ հավաքույթներ են անցկացրել և նվերներ գնել։ Նախատոնական օրերին կորպորատիվների վրա ծախսերի քանակով չեմպիոնը Երևանի քաղաքապետարանն է։ Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցը 3 միջոցառման համար ծախսել է մոտ 10 միլիոն դրամ:
Սա դեռ ամենը չէ: Ամանորի կորպորատիվ հավաքույթների համար Երևանի իշխանությունների պատվերով քաղաքապետարանի ճեմասրահում նաև սառցե քանդակ և 12 մեծ ծաղկեփունջ են տեղադրվել։ Մյուս միջոցառման համար էլ քաղաքային իշխանությունները «բարձրակարգ և նրբաճաշակ սրահ են պատվիրել, որը պետք է ունենա կենդանի երաժշտություն բազմազան երգացանկով»:
Պարզվել է, որ պետական գերատեսչությունները թանկ խմիչքներ են նախընտրում, ամանորյա տոների համար 7 նախարարություններ միասին մոտ 4 միլիոն դրամի խմիչք և քաղցրավենիք են գնել:

Անահիտ Բախշյանն ասում է, որ անթույլատրելի է նման ճոխ ծախսեր կատարելն այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան, իսկ վիրավորում ստացած զինծառայողների բուժման համար գումար է հարկավոր: «Այդ կորպորատիվների գումարով կարելի էր մի շարք սոցիալական խնդիրներ լուծել»,- ասում է Բախշյանը:

Նա նշեց, որ երբ դպրոցի տնօրեն էր աշխատում, ցանկացած տոնի առթիվ, եթե ուզում էին հավաքվել ու քեֆ անել, յուրաքանչյուրն իր գրպանից գումար էր դնում:
«Հիմա, երբ պետական բյուջեից ժողովրդի հարկերի հաշվին այդպիսի քեֆեր են անում, ես՝ որպես քաղաքացի, ուղղակի վիրավորվում եմ: Եվ հարց եմ տալիս. եթե յուրաքանչյուր դպրոց վերցներ ու իր բյուջեի հաշվին նման կորպորատիվ քեֆեր աներ, քաղաքապետարանի դուրը կգա՞ր: Չէի՞ն ասի՝ այս ինչ ես անում, քեզ ով է թույլ տվել: Այդ ինչո՞ւ դպրոցի տնօրենին արգելվում է դպրոցի բյուջեից իր կոլեկտիվի համար քեֆ կազմակերպելը, բայց քաղաքապետարանին կարելի է»,- ասաց նա:

Հատկապես Երևանի քաղաքապետարանը կարծես արտոնություններ ունի ճոխ ծախսեր անելու տեսանկյունից: Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությամբ կատարված ծախսերի հարցը մասնագետները քննարկման թեմա են դարձրել և կասկածի տալ դրել դրանց արդյունավետությունը:
Անահիտ Բախշյանն ասում է, որ այս իրավիճակն է, քանի որ բարոյականության խնդիր կա այսօր:

«Ոչ մի տեղ գրված չէ, որ չի կարելի նման ծախսեր անել, բայց դա ինքնին հասկանալի է՝ ելնելով բարոյականությունից: Եթե անգամ մենք լինեինք կատարյալ պետություն, բյուջեում էլ շատ փող լիներ, միևնույն է, ես չեմ հասկանում կորպորատիվ ծախսերի արդյունավետությունը: Եթե պատվիրակություն է գալիս Հայաստան, հյուրեր են ունենում, ինչ-որ տեղ հասկանալի են նման ծախսերը, չնայած այդտեղ էլ չափ ու սահման պետք է լինի»,- ասաց Բախշյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են պետական գերատեսչությունները նման քաղաքականություն վարում, այն դեպքում, երբ վերջին տարիներին վարչապետների մակարդակով ծախսերը կրճատելու հանձնարարականներ են հնչում, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ սրանով իշխանությունն իր վերարտադրությունն ապահովողներին շնորհակալություն է հայտնում:

«Սա կարծես մի ուղերձ ունի իր մեջ՝ դուք էլ կարող եք այսկերպ ձեր ենթականերին գրավել: Գալիս է մի օր, երբ այդ բոլոր ենթակաները մեկ խնդիր են լուծում՝ ինչպես վերարտադրել իշխանությանը: Եվ այդպիսով իշխանությունները կարծես շնորհակալություն են հայտնում իրենց ենթականերին»,- ասում է Բախշյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am