«Քաղաքացիներին հպատակեցնելու միակ ճանապարհը բռնությունն է, դա իր էությամբ հանդիսանում է ահաբեկչական կառավարում». Իրավապաշտպանը՝ նոր նախագծի մասին

14-02-2018
7756 դիտում
«Քաղաքացիներին հպատակեցնելու միակ ճանապարհը բռնությունն է, դա իր էությամբ հանդիսանում է ահաբեկչական կառավարում». Իրավապաշտպանը՝ նոր նախագծի մասին

Ահաբեկչության հրապարակային կոչերի համար օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն սահմանելն ինքնին ահաբեկչություն է ընդդեմ պետության և քաղաքացիների: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կառավարության մշակած նոր նախագծերին:

Նշենք, որ արդարադատության նախարարության www.e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով իշխանությունները փորձում են քրեական պատժի ենթարկել ահաբեկչության մասին հրապարակային կոչեր անողներին: Նման կոչերի դեպքում կարող է սահմանվել ընդհուպ մինչև 3 տարվա ազատազրկում:

Ըստ այդ փոփոխությունների՝ «ահաբեկչություն կատարելու հրապարակային կոչերը, ինչպես նաև հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

«Հաշվի առնելով Հայաստանի իրավիճակը, երբ ունենք ակնհայտ կոնսոլիդացված ավտորիտար պետություն, և գործընթացներն արդեն տանում են դեպի անպատասխանատու ու անպատժելի բռնապետական ռեժիմի ձևավորում, ապա սա ինքն իր բովանդակությամբ հանդիսանում է ահաբեկչական՝ ընդդեմ պետության քաղաքացիների, որի նպատակն է հպատակեցնել նրանց: Այսինքն ՝ քաղաքացիներին հպատակեցնելու միակ ճանապարհը բռնությունն է: Իսկ դա իր էությամբ հանդիսանում է ահաբեկչական կառավարում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ ահաբեկչական կառավարման դեմ հնչող քննադատական խոսքը կարող է լինել ընդհուպ մինչև ծայրահեղ դրսևորումներով: Այսինքն՝ սա ուղղված է նաև ահաբեկչական կառավարման գործունեության քննադատության սահմանափակմանը:

Իրավապաշտպանը սա համարում է խոսքի ազատությունը սահմանափակող դրույթ, հաշվի առնելով այն, որ բանավեճի և քննարկման ընթացքում ամենասուր գնահատականներ և քննադատություններ կարող են հնչել: Եվ նման քննադատությունն ու սուր խոսքը պաշտպանված են օրենքով և պետք է պաշտպանված լինեն օրենքով, որովհետև դա պաշտպանված է նաև մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիաներով:

«Եվ սա նշանակում է մտցնել գրաքննություն բանավոր խոսքի նկատմամբ, երկրում ստեղծել վախի մթնոլորտ, որ հանկարծ մարդիկ այնպիսի արտահայտություններ չանեն, որի հետևանքով կարող են քրեական հետապնդման ենթարկվել »,- ասում է նա:

Իրավապաշտպանը համեմատություններ է անցկացնում այլ երկրների հետ և ասում, որ այս քաղաքականությունը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից: «Դրանք տիպիկ ռուսաստանյան մոտեցումներ են, որը պուտինյան վարչակազմն ամրագրում է իր օրենսդրության մեջ և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ընդունել է օրենսդրություն, որով սահմանափակում են թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ զանգվածային լրատվական միջոցների գործունեությունը: Այսինքն՝ դա բռնության ու ճնշման գործիք է, որը լավագույնս իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում»,- հավելեց նա:

Հետևաբար, Սաքունցի խոսքով, զարգացումները ցույց են տալիս, որ եվրասիական կողմնորոշումը ոչ միայն տնտեսական բաղադրիչ ունի, այլ նաև քաղաքական: Երկրում խոսքի ազատության սահմանափակումները գնալով ավելի ցայտուն են դառնում:
«Եվ այս տեսակետից ես չգիտեմ, իշխանությունները վախենում են, դրա՞ համար են այդպես անում, թե՞ ոչ: Բայց դրանք բացարձակ անպատասխանատու իշխանութան ձևավորմանն ուղղված քայլեր են, որոնք մենք տեսնում ենք ոչ միայն այս օրենսդրության փոփոխությամբ, այլ նաև մյուս օրենքների նախագծերում»,- ասում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am