Արթուր Դանիելյան. Ստալինիստը

24-02-2018
4847 դիտում
Արթուր Դանիելյան. Ստալինիստը

Ազգ-լվացքի մեքենայի գաղափարախոս մի երիտասարդ գուցե ամենևին չդառնար այս հոդվածի թեմա: Սակայն այդ երիտասարդը վտանգավոր է դառնում: Եվ խնդիրը նրա մուննաթը չէ նրանց հանդեպ, որոնք կան և ուզում են ապրել այս տղայի և նրա գաղափարների գոյությունից ու անգոյությունից անկախ: Եվ նա հեռուստաալիք էլ չէ, որ փոխես ու մոռանաս, որ ապրում ես և ապրելու ես միայն նրա մանկության երազանք ազգ-բանակի շվաքի ներքո: Եվ որ այլընտրանք չունես:

Այս երիտասարդը,- տանք նրա անունը՝ Արթուր Դանիելյան,- օրերս գրել է՝ մի երկրում, որտեղ կա 4000 բանտարկյալ, ինչո՞ւ պիտի 20 տարեկան երեխան խրամատ փորի: Հասկացա՞ք՝ մի երկրում, որտեղ կոռումպացվածն ու ընտրակեղծարարը չեն ձերբակալվում, որտեղ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանն ուղղակի ահաբեկում է իր աշխատակիցներին, բոլոր բանտարկյալները դիտարկվում են խրամատի մսացու: Այս երիտասարդը մեկուսացման է ենթակա հենց միայն այսպես մտածելու համար: Այսինքն՝ ոչինչ, թող գնան խրամատ փորեն. եթե դիպուկահարի գնդակից էլ զոհվեն, հանցագործ էր, կորուստը մեծ չէ: Կամ՝ էդքան հանցագործություններ է կատարել, թող խրամատներ փորելով հանրօգուտ գործ անի, մեղքերը քավի: Ինչպես ընտրություն են կեղծում, էնպես էլ ուզում են կեղծել մարդու օգտակարությունը:

Այս երիտասարդը ստալինիստ է և բացարձակապես չունի ընկալումն այն կանխավարկածի, որ Հայաստանում ճաղերի հետևում հայտնվելու համար հանցագործ լինելը բնավ պարտադիր չէ: Հաճախ նույնիսկ ցանկալի չէ: Սա մի իշխանություն է, որն ինքն է կոփում իր հանցագործին. եթե անմեղ է՝ ուղարկել ճաղերից այն կողմ, որպեսզի սովորի լինել մեղավոր, եթե մեղավոր է՝ թողնենք ազատության մեջ, որպեսզի փչացնի դեռևս դրսում աշխատող բարոյականությունը: Այս երիտասարդը գիտի, որ Հայաստանում արդար դատական համակարգ ուղղակի գոյություն չունի: Այս երիտասարդը կյանքում գոնե մեկ ակնթարթ չի ձևակերպել, թե ի՛նչ է արդար դատաքննությունը, իսկ ահա բանտարկյալներին գուցե նույնիսկ անուն-ազգանունով գիտի: Ենթադրում եմ՝ դեմքով կիմանա նաև ապագա բանտարկյալներին: Նա իր գաղափարներով գիտի բոլոր նրանց, որոնք ապրելու ենթակա չեն: Բայց նա դահիճ չէ, ինչպես նույնիսկ դահիճը դահիճ չէ, քանի դեռ կացինը մի քիչ հեռու է:

Լավ, ասենք թե՝ բանակն իսկապես կարիք ունի օգնող ձեռքի: Բայց ինչո՞ւ եք բանտարկյալին դարձնում «պարտադիր վճար»՝ հազար դրամանոց, որը չտալու տարբերակ չկա, այսինքն՝ որ ուզի-չուզի պիտի փորի էդ խրամատը: Այսինքն՝ պիտի վաստակի պետության հաց ուտե՞լը, պիտի մաշկի վրա զգա, որ զինվորը նաև իր ճաղերի անդորրի պաշտպա՞նն է: Ո՞վ ասեց: Կամ ո՞վ ասեց, որ զինվորը բանտարկյալ չէ և հենց էդ նույն տրամաբանությամբ չի փորում իր խրամատը: Խրամատ փորելն էլ էնքան նվաստացուցիչ է, որ բանտարկյա՞լը պիտի փորի: Այսինքն՝ բանտարկյալը մարդ չի՞: Չհոգնենք ասել՝ վկայակոչի՛ր որևէ արդար դատաքննություն, նույնիսկ Հոկտեմբերի 27-ինը, և, խնդրեմ, թքա՛ծ ունեցիր մարդու իրավունքների և բանակն այս ճանապարհով նվաստացնելու վրա:

Որովհետև, հարգելի Արթուր Դանիելյան, քեզ համար բանտարկյալին հարկադիր աշխատանքի տանելը պատժի ձև է, դու բանտարկյալին ազատում ես սեփական մեղքի մեջ խորովվողի ծանր կանխավարկածից և ասում՝ գնա համբալի նման բանիր, զինվորը քո համբալը չէ: Բանտարկյալի խրամատ փորելը քեզ համար հայրենասիրություն չէ, այլ պատժի շարունակություն, և եթե սպանվի նա, քո միտքը նրան նահատակ չի դիտարկի, այլ մի ձրիակեր, որը գտավ վերջաբաններից լավագույնը: Որովհետև, երբ զինվոր է սպանվում ադրբեջանցու գնդակից, հետմահու մեդալ եք շնորհում, բանտարկյալի համար այդ մեդալը դուք չեք նախատեսի, որովհետև չեք իմանա, թե ինչպե՛ս ձևակերպել, էդ մասին չեք մտածել: Որովհետև ձեզ համար 20 տարեկանը 20 տարեկան է, իսկ բանտարկյալը տարիք չունի, հայր չէ, որին սուտ մատնությամբ են նստացրել, որդի չէ, որը նույնիսկ սպանությունից 5 րոպե առաջ չգիտեր, որ մարդ է սպանելու: Մարդ չէ մի խոսքով: Դե, իհարկե, թող դատապարտյալները խրամատ փորեն ավտոմատների ներքո, և թող դա կոչվի զինվորի ոգին ամրապնդելու «ազգ-լվացքի մեքենա» հայեցակարգի կարևոր հանգրվան: Հա՛մ կփորեն, հա՛մ էլ կգնդակահարվեն: Բանտարկյալների նոր խմբաքանակն այսպիսի Հայաստանում չի ուշանա երբեք:

Մհեր Արշակյան

MediaLab.am