Վերջին բոլշևիկի ստվերը. Վաստակավորները

02-11-2018
1740 դիտում
Վերջին բոլշևիկի ստվերը. Վաստակավորները

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երվանդ Մանարյանին: Մանարյան արվեստագետի և քաղաքացու տեսակը ես չէ, որ պետք է ներկայացնեմ ընթերցողին: Նախորդ իշխանությունները մեզ նվիրել են բազմաթիվ ծայրահեղ իրավիճակներ: Այդ ծայրահեղ իրավիճակներում պալատական գրչակները, մերօրյա վելիչկոները, պնակալեզների մի բույլ, որոնց հավաքական անվանում ենք մտաՈՌականներ, հարմար տեղավորվում էին իշխանական նրբանցքում՝ ցեխ շպրտելով փողոցում հավաքված ժողովրդի վրա: Մանարյանն այն քչերից էր, որ նույնիսկ ամենածանր պահերին իր քաղաքացու կողքին էր: Ի վերջո, արվեստագետ մարդը պետք է լինի ազատ ու ընդվզող: Նա դա ցույց էր տալիս իր սեփական օրինակով:

Այցելությունից հետո Փաշինյանը որոշել էր ժողովրդական արտիստի կոչում շնորհել Մանարյանին: Այդ մասին արել էր հետևյալ գրառումը. «Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»:

Ես չգիտեմ, գուցե Վարպետը սպասում էր այդ տիտղոսին կամ կոչմանը, գուցե դա հաճելի է նրան, դա իմ քննարկելիքը չէ: Ես այլ կողմից եմ մոտենում պետական պարգևներին կամ կոչումներին: Նախ՝ իմ խորին համոզմամբ, ժողովրդի մեծ մասը ոչ միայն Մանարյանին վաղուց տվել էր ժողովրդական արտիստի կոչում, այլ նաև նրան՝ նրա խաղացած հերոսների արտահայտություններով, դարձրել է իր կենցաղի անբաժանելի մասին: Ուրախ կենցաղի, սա շատ կարևոր է, որ հերթական դառնության արտացոլանք չկա, այլ միայն ժպիտ:

Գալով տարատեսակ կոչումներին և պետական պարգևներին՝ արձանագրենք միանգամից, որ ես դեմ եմ դրանց: Ինչպես ուսուցիչների դեպքում էի արտահայտվել՝ լավագույնների էլիտիստական մղումների շուրջ, նույնը կարող եմ ասել սույն մոտեցման հետ կապված: Այդ կոչումները, շքանշանները, պարգևները ինձ հիշեցնում են բրեժնևյան հայտնի կադրերը: Սակայն դա վատագույնը չէ: Վատագույնն այն է, որ այն ինձ հիշեցնում է ՀՀ վերջին բոլշևիկի շքանշաններ ու կոչումներ շռայլելու բուռն մոլուցքը: Իհարկե, նրա և Բրեժնևի միջև էական տարբերություններ կային: Դրանցից ամենաակնառուն շուրթերով համբուրվելու դրվագն է:

Բայց հանգիստ թողնենք Բրեժնևին իր դագաղի մեջ, իսկ վերջին բոլշևիկին՝ բնակարանի փնտրտուքներում: Գանք վաստակավորներին, ժողովրդականներին, լավագույններին, որոնց ես կտրուկ դեմ եմ:

Հայաստանի քաղաքական փոփոխությունները ենթադրում են նոր որակի հարաբերություններ կյանքի բոլոր ոլորտներում: Ենթադրում են նոր խոսք, նոր մշակույթ, նոր մատուցումներ:

Երբ դու վերևից ներքև շնորհ ես անում, անգամ ամենաազնիվ մղումներով, շնորհվածին դնում ես անուղղակի կախվածության մեջ: Սահմանափակում ես նրա ազատությունը, համեմատության մեջ ես դնում այլոց, թեկուզ՝ անարժանների հետ: Արհեստականություն ես հաղորդում այն բնականոն գործընթացին, որը կարգավորում է ժողովուրդ հավաքական զանգվածը մեխանիկորեն: Այդ հավաքական զանգվածը, թեկուզ ներքին հոտառությամբ, կարող է արտահայտել իր սերը կամ ատելությունը, ուստի արհեստական միջամտությունների կարիք չկա: Հետո, եկեք համաձայնենք, որ այդ բառերից մի տեսակ խունացած հոտ է գալիս: Հոտի տեսակ, որը խոսքերով չես նկարագրի:

Առաջարկս. վերանալ խորհրդային այս ավանդույթից, ժողովրդի սիրելու իրավունքը թողնել ժողովրդին, ժողովրդի՝ ատելու իրավունքը թող իրացնի ժողովուրդը:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am