«Մենք մենակ ենք մնացել». Տիգրան Խզմալյան

«Մենք մենակ ենք մնացել». Տիգրան Խզմալյան
«Մենք մենակ ենք մնացել». Տիգրան Խզմալյան

«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հայրենակիցներ, մենք մենակ ենք մնացել: Մենք չունենք կառավարություն, խորհրդարան, դատարաններ ու ոստիկանություն: Դրանք բոլորը օտարին ծախված ու վախվորած քրեական խմբավորումներ են: Մենք դեռեւս ունենք բանակ, այն էլ միայն մի պատճառով` այնտեղ մեր զավակներն են ծառայում, այլ ոչ թե փողով տեղ առած ու մեզնից այդ փողը մսխող գողերը:

Մենք մենակ ենք մնացել: Եւ դա սարսափելի չէ, քանզի եթե մենք պատրաստ ենք պաշտպանվելու` մեզ կօգնեն: Կռվողին են օգնում: Այժմ ամեն ինչ մեզնից է կախված, այսինքն` մեր ամեն ինչը: Եկեք նախեւառաջ տարբերենք գլխավորը երկրորդականից: Բոլոր պարտադիր ու հարկադիր վճարումները, բոլոր կարմիր գծերն ու երկնագույն երգիչները` հետո: Առաջնահերթն է ազգի ու պետականության գոյությունն ու անվտանգությունը:

Սերժ Սարգսյանը անչափ դժբախտ մարդ է` կարծում եմ, նա ինքն է հասկանում դա եւ միգուցե ժամանակն է եկել, որ հայ ժողովուրդն օգնի իր մոլորված զավակին:

Մեր փրկության կարեւոր գրավականն է Սերժ Սարգսյանի անցնցում հեռացումը իշխանությունից, որը թույլ կտա թոթափել մեզ վրա փաթաթված սարդոստայնը եւ ազատել մեր ազգն ու երկիրը խայտառակ ու վտանգավոր պայմանավորվածություններից, որ ստորագել է նա:

Ինքնուրույն Սերժ Սարգսյանը ի վիճակի չէ պատռել կապանքները` չափազանց մեծ է նրա անձնական կախվածությունը: Մենք մեր շղթաներից բացի կորցնելու բան չունենք: Ստիպենք նրան ընդունելու մեր օգնությունը: Այս տխրահռչակ խմբավորումը, որը «կոչված» է ներկայացնելու Հայաստանը աշխարհում` նույնպես պետք է հեռանա:

Պատերազմի տարիներին կեղծված խմիչք ու ներքնազգեստ դզող-փչողները ոչ իրավունք ունեն, ոչ էլ որեւե ունակություն խոսալու, վիճելու, նստելու աշխարհի մեծերի հետ, որոնց հակադրվել ու տեղը դնել կարող են միմիայն մեր ժողովրդական ազատ քվեն ստացած մարդիկ:

«Իմփիչմենթ» ծուռ բառն այստեղ չի անցնում` մենք ժողովրդական քվեարկությամբ, հենց փողոցներում ու հրապարակներում պետք է որոշում կայացնենք: Պատրաստվեք: Ամեն ինչ հետայսու մեզնից է կախված` հենց ձեզնից: Ու չվախենանք, որ մենակ ենք` երբ հավաքվենք ու կանգնենք ուս-ուսի, ինչպես քսանհինգ տարի առաջ, կտեսնենք, որ այդքան էլ քիչ չենք:

Մի ողջ ազգ»:

© Medialab.am