ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ գործընկերներ,
Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր,
Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական:
Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ: Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով:
Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի: Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար:
Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը:
Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ: Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում:
20.11.2020
Շուշան Ստեփանյանը լքել է ՊՆ խոսնակի պաշտոնը․ «Հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի»
