Թուրքիայի վարչապետ եւ, հավանաբար, ապագա նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վիրավորվել է իր ընդդիմախոսներից, որոնք իրեն «հայ» էին անվանել: Հայհոյել են՝ իր կարծիքով:
Հայաստանում արձագանքը սուր է՝ ռասիստ, քսենոֆոբ, քանի՞ կոպեկ արժեր նրա ցավակցությունը Ցեղասպանության զոհերի հետնորդներին:
Նույնքան բացասական է նաեւ թուրքական մամուլի մի մասի արձագանքը: Այո, ցավալի է, որ պետության ղեկավարը հերիք չէ՝ այդպիսի հայացքներ ունի, դեռ չի էլ փորձում դրանք թաքցնել: Ընդհանրապես, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ Թուրքիայի վարչապետը էմոցիոնալ, հախուռն բնավորություն ունի, բայց, որքան հասկանում եմ, դա իր քաղաքացիների մեծամասնությանը դուր է գալիս: «Դուխով տղու» տպավորություն է թողնում:
Բայց եկեք անկեղծ լինենք եւ պատասխանենք՝ արդյոք հայաստանցի որեւէ քաղաքական գործիչ չի՞ վիրավորվի, եթե նրան «թուրք» անվանեն, արդյոք նա չի՞ թարգմանի դա որպես «դաժան», «արյունարբու», «նենգ», «դավաճան»: Արդյոք «թուրք» բառը հենց այդ իմաստո՞վ չի ներթափանցել մեր կենցաղից հասարակական-քաղաքական դաշտ:
Հիշեք թեկուզ երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի գնացքի մասին մուլտֆիլմը (2000 թիվ), որտեղ վագոնավարին՝ առաջին նախագահին թուրքական ֆես էին հագցնում: Կարո՞ղ է որեւէ մեկը վիճել, որ այդ մուլտֆիլմը, մեղմ ասած, արտահայտում էր այն ժամանակվա իշխանության տեսակետը:
1988 թվականից սկսած՝ քանի՞ անգամ են ընդդիմադիր ցուցարարները «թուրք» բառն արտասանել կոմունիստների, նույն առաջին նախագահի, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին: Չեմ կարծում, որ դա ասվում էր փաղաքշական իմաստով: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ այս 26 տարում ընդդիմության որեւէ առաջնորդ ասեր՝ «այդպես չի կարելի, դա ռասիզմ է»: Ճիշտ հակառակը՝ Արշակ Սադոյանն, օրինակ, 90-ականների իշխանությանն անվանում էր «թուրքից էլ վատը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/07/486448/
08.08.2014
Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. Արամ Աբրահամյան

Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. Արամ Աբրահամյան