«Իմ քայլի» պատգամավորը Սյունիքում պարբերաբար հնչող կրակոցները պայմանավորում է պատերազմի ժամանակ բաժանված մեծաքանակ զենքով

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքել է Սյունիքում պարբերաբար հնչող կրակոցների հետ կապված իրեն ուղղված մտահոգություններին ու իր ֆեյսբուքյան էջում գրել․

«Սիրելի սյունեցիներ, գաղտնիք չէ, որ պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ զենք է բաժանվել քաղաքացիական բնակչությանը, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանությանը։ Զենքերը բաժանվել են Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և համայնքապետարանների կողմից։

Սյունիքի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի 19․02․21թ․-ի նիստում քննարկվել է այս հարցը, որոշվել է կարճ ժամկետ տալ այն գերատեսչություններին, որոնց միջոցով բաժանվել է զենքը, որպեսզի պարզեն, թե ովքեր չեն վերադարձրել զենքերը և գործուն միջոցներ ձեռնարկվեն դրանց ամբողջությամբ վերադարձնելու ուղղությամբ։

Այս պրոցեսի ավարտից հետո, եթե կլինեն դեպքեր, որ զենքերը հետ չեն հանձնվի, ապա Ոստիկանության կողմից կձեռնարկվեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ զենքերի հայտնաբերման և դրանք չվերադարձնողների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Միաժամանակ, իրավապահ մարմինների կողմից ուժեղացվելու է ապօրինի զենքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Պետք է չմոռանանք, որ ապօրինի զենքի առկայությունը հանցագործությունների և դժբախտ դեպքերի պատճառ են հանդիսանում»։

Սիրելի սյունեցիներ, գաղտնիք չէ, որ պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ զենք է բաժանվել քաղաքացիական բնակչությանը, ովքեր…

Posted by Արմեն Խաչատրյան on Saturday, February 20, 2021