«Թումո» կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Վայոց ձորի երիտասարդների համար

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին, ճարտարապետների թիմի ղեկավար Շահե Սիմոնյանին և «Թումո տուփերի» նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանին:

Մարզպետարանից տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ Գրիգորյանն ընդգծել է մարզի երիտասարդության կրթության զարգացման ոլորտում ծրագրի հասանելիության կարևորությունը և նշել, որ երկկողմ ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել այդ ծրագրի շուտափույթ իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում է բացել «Թումո» կենտրոն մարզկենտրոն Եղեգնաձորում, ինչպես նաև «Թումո-տուփեր» Վայոց ձորի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար:

Քննարկումները, մասնավորապես, ուղղված էին Վայոց ձորում «Թումո» կենտրոնի և տուփերի տեղորոշմանը և կազմակերպչական աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացում կողմերը երկուստեք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: