Նոյեմբերի 7-ին Մհեր Մարտիրոսյանը վիրավորվում է թշնամու արձակած արկի պայթյունից․ զոհվում է Շուշի տանող ճանապարհին (տեսանյութ)

Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանության զորքերի զորամասի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից անմահացան չորս ծառայողներ։ Նրանցից մեկն էլ Մհեր Մարտիրոսյանն էր։

Մհեր Մարտիրոսյանը ծնվել է 1989 թվականին։ Ժամկետային ծառայությունն անցել էր Արցախում։ Մասնագիտությամբ քարտաշ էր։
Ոստիկանության զորքերում ծառայության էր ընդունվել 2018 թվականին։

Հասարակական կարգի պահպանության ծառայությունից բացի, Տավուշի սահմանային դիրքերում մարտական հերթապահություն էր իրականացնում։
44-օրյա պատերազմին ծառայակիցների հետ առաջին անգամ Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։

Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանությանը։

Հոկտեմբերի 27-ին վերադարձավ տուն, իսկ երկու օր անց կրկին մեկնեց Արցախ՝ կրկին Քարվաճառ։ Օրեր անց պարզվեց, որ թշնամին լայնածավալ հարձակում է ձեռնարկում հայոց բերդաքաղաքի ուղղությամբ։

Նոյեմբերի 3-ին Մհեր Մարտիրոսյանն ու ծառայակիցները Քարվաճառից մեկնեցին Շուշի։


Մարտերը գնալով թեժանում էին։ Թշնամին ավելի էր մոտենում։ Ծանր մարտերից մեկի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, Մհեր Մարտիրոսյանը վիրավորվում է թշնամու արձակած արկի պայթյունից։ Նրա կյանքը փրկել չի հաջողվում. զոհվում է Շուշի տանող ճանապարհին։
Մհերը, Էդգարը, Արթուրն ու Մեսրոպը հավերժ կհիշվեն որպես Շուշիի անմահ պաշտպաններ։ Այն Շուշիի, որն այսօր գերեվարված է, այն Շուշիի, որը կրկին հառնելու է։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։