2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի շրջանում կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կտրած-ծակած վերքով նույն բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել նաև 58-ամյա մի կին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում վերոնշյալ անձինք ճանաչվել են տուժող, առգրավվել են նրանց հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: