Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգում փոփոխությունը

Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ  օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և  ՀՀ աշխատանքային  օրենսգրքերում  փոփոխությունների  փաթեթը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում  ունենալ  ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր  է ինչպես անկանոն  միգրացիայի կանխարգելման, այնպես  էլ  այդ  անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։  

«Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում. 

  1. ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ,  որը հնարավորություն է տալու  միաժամանակյա հասանելիություն ապահովել   աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված  բոլոր պետական մարմինների  համար, կրճատելով  գործընթացի  վրա ծախսվող  ժամանակը  և բարելավելով վարչարարությունը, 
  2. պարզեցվում  է աշխատանքի թույլտվության  տրամադրման  ընթացակարգը։ Ներկայումս  աշխատանքի թույլտվությունը տրամադրվում  է  գործատուին, իսկ  դրա հիման վրա արդեն աշխատողը ստանում  է  կացության  կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունը  իրենից  ներկայացնելու  է  էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում կրճատվում  է   վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը, 
  3. հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը, 
  4. հստակեցվում  են     աշխատանքի  թույտվության  տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես  նաև  գործընթացում ներառված  մյուս   մարմինների   գործառույթները, 
  5. հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական  վիճակագրական տվյալներ,  այդ  թվում առանց  աշխատանքի  թույլտվության  ՀՀ-ում աշխատող  օտարերկրյա  քաղաքացիների  վերաբերյալ։ 

Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման  են ենթարկվելու ՀՀ  կառավարության  որոշումներով, ինչն  էլ կառավարությանը  առավել մեծ ճկունություն  է տալու միգրացիոն հոսքերի կառավարման  հարցում»: