Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա․ Ավինյանի ուղերձը

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ուղերձը․

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։

Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը` նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։

Դրա վկայությունը դարձան 2021թ. խորհրդարանական ընտրությունները։ Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն` կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։

Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը։