ԱՄԷ-ն ժամանակավոր ապաստան կտրամադրի Աֆղանստանի 5000 քաղաքացիների համար

Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:

«Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն ԱՄԷ»,- հայտնել են նախարարությունից:

ԱԳՆ-ից Reuters-ին հայտնել են նաև, որ փախստականներն իրենց երկրում կմնան 10 օր:

Ավելի վաղ Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կեցություն տրամադրելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Կոլումբիան:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտերի մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ լքում է երկիրը՝ թույլ չտալու արյունահեղություն:

Արևմտյան երկրների ներկայացուցիչները սկսեցին տարհանել այդ երկրում բնակվող իրենց քաղաքացիներին ու դեսպանատների աշխատակիցներին: