Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց, որ նախկին պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի վրա շիշը նետել է այն ժամանակ, երբ վերջինս Օհանյանին դիմել է «արա»-ով:
«Բառացի ցիտում եմ՝ Հայկ Սարգսյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից ասաց հետևյալը՝ էն պաշտպանության նախարարների օրոք, ում օրոք, […] որ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, էդ մարդիկ դավաճան են։ Դրանից հետո Սեյրան Օհանյանը շիշը շպրտեց Հայկ Սարգսյանի վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց Հակոբյանը՝ կրկին հերքելով, որ Սեյրան Օհանյանը Հայկ Սարգսյանի վրա շիշը նետել է «արա»-ով դիմելուց հետո։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել Հայկ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի միջև, որը վերաճել էր ծեծկռտուքի։
«Փաստերի ստուգման հարթակը» լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերի հիման վրա ուսումնասիրել է, թե ինչն է առիթ հանդիսացել Օհանյանի քայլի համար:
ՔՊ-ական պատգամավորի ելույթը նվիրված էր ընդդիմադիրների՝ իշխանությունների հասցեին պատերազմը տանուլ տանելու վերաբերյալ մեղադրանքներին: Սարգսյանը պնդում էր, որ պատերազմում այդ արդյունքները չէին լինի, եթե նախկին իշխանություններն ավելի արդյունավետ գործեին: Նրա ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր դահլիճից լսվող ռեպլիկներով:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»,- ասաց Սարգսյանը:
«Հայրենիքի դավաճանը դո՛ւ ես»,- իր տեղից արձագանքեց Օհանյանը:
«Ես քե՞զ եմ ասում, արա՛»,- պատասխանեց Սարգսյանը, ինչից հետո Սեյրան Օհանյանը իր սեղանին դրված շիշը շպրտեց ՔՊ-ական պատգամավորի ուղղությամբ:
Այսպիսով, Հրաչյա Հակոբյանը մանիպուլացնում է, քանի որ Սերյան Օհանյանը շիշ է նետել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա, միայն երբ վերջինս իրեն դիմել է «արա»-ով: