Եթե Լաչինում սահմանները ամբողջական վերահսկողության տակ առնենք՝ Իրանը չի կարողանա որևէ բան տեղափոխել Ստեփանակերտ. Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է Բերձորի՝ Լաչինի միջանցքում գտնվող անցակետը վերցնի իր հսկողության տակ, գրում է Factor.am-ը։

Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Խաղաղապահների խնդիրն է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը Ղարաբաղում։ Նրանց չէ՞ որ ոչ ոք ձեռք չի տալիս։ Նրանց նկատմամբ կրակ չեն բացում։ Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք վերահսկեն իրավիճակն իրենց դիրքերում, իսկ մեր սահմանները մենք ինքներս կպահենք։ Հավատացեք, որ դրանից հետո մենք չենք բախվի ոչ մի դիվանագիտական սկանդալի կամ մաքսանենգության դեպքի։ Եթե մենք Լաչինում սահմանները ամբողջական վերահսկողության տակ առնենք, Իրանը չի կարողանա որևէ բան տեղափոխել Ստեփանակերտ»,- ասել է Զուլֆուգարովը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Իրանից Հայաստանի տարածքով Արցախ բեռնատարներ են ժամանում։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։