2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեդիա մշտադիտարկման արդյունքներ․ միջանկյալ զեկույց

2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեդիա մշտադիտարկման արդյունքներ․ միջանկյալ զեկույց
2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեդիա մշտադիտարկման արդյունքներ․ միջանկյալ զեկույց

«Անկախ դիտորդ» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի լուսաբանման մշտադիտարկում վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում:

Միջանկյալ զեկույցում տեղ գտած տվյալներն արտացոլում են պաշտոնական քարոզարշավի մեկնարկին նախորդող մեկ շաբաթվա (նոյեմբերի 19-նոյեմբերի 25) և քարոզարշավի առաջին վեց օրերի (նոյեմբերի 26-դեկտեմբերի 1) ընթացքում գրանցված արդյունքները: Հետազոտության ընթացքում մշտադիտարկման է ենթարկվել վեց հեռուստաալիք՝ Հանրային («Առաջին ալիք») «Արարատ» (նոյեմբերի 25-ից այն վերանվանվել է «5-րդ ալիք»), «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», և 5 առցանց լրատվամիջոց՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am: Առանձին ուսումնասիրություն է իրականացվել նաև Facebook սոցիալական ցանցում:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ քարոզարշավը փաստացի մեկնարկել է ոչ թե նոյեմբերի 26-ին, այլ դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ընդ որում, այդ ոչ պաշտոնական քարոզարշավը լուսաբանվել է թե՛ հեռուստաալիքների, թե՛ առցանց լրատվամիջոցների կողմից, թե՛ սոցցանցերում:

Քարոզարշավի լուսաբանումը դրա պաշտոնական մեկնարկից առաջ և հետո հատկապես տարբերվում է հեռուստաալիքներում: Քարոզարշավին նախորդած շաբաթվա ընթացքում  որոշ հեռուստաալիքների, հատկապես «Երկիր Մեդիա»-ի և «Կենտրոն»-ի կողմից նկատվել է նրանց հետ փոխկապակցված քաղաքական ուժերի մեծ ծավալով լուսաբանում: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, նման ծավալ ապահովող հաղորդումները փակվել են, և քարոզարշավը որոշակիորեն հավասարակշռվել է:

Առցանց լրատվամիջոցներում և Ֆեյսբուք տիրույթում նման ակնհայտ փոփոխություններ չկան: Բացառություն է կազմում 1in.am-ը, որտեղ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո զգալիորեն ավելացել է ԼՀԿ-ի լուսաբանումը:

Քարոզարշավին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում հեռուստաալիքներում ամենաշատ լուսաբանված ուժը (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը)՝ մյուսներից զգալի տարբերությամբ, ԲՀԿ-ն է, որը լուսաբանվել է առավելապես դրական տոնայնությամբ: Երկրորդ տեղում «Իմ քայլն» է (գրեթե հավասարապես՝ դրական, բացասական և չեզոք տոնայնությամբ), քիչ տարբերությամբ՝ ՀՅԴ-ն (գերազանցապես դրական): Նույն ժամանակահատվածում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է, նրան հաջորդում է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, երրորդ տեղում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

Մինչդեռ քարոզարշավի առաջին կեսին բուն քարոզարշավի շրջանակում (բացառելով վճարովի եթերաժամանակը և ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենաշատը հիշատակվել է ՀՀԿ-ն, նրան հաջորդում են «Իմ քայլը» և ՀՅԴ-ն, երեքն էլ հիշատակվել են առավելապես դրական տոնայնությամբ: Այդ ժամանակահատվածում դրական տոնայնությամբ ամենաշատը հիշատակվել է ՀՀԿ-ն է, իսկ բացասական՝ «Իմ քայլը»: Բանավեճերի, քննարկումների և հարցազրույցների ժամանակ ուղղակի խոսքի հնարավորություն ամենաշատը տրվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Նշված ժամանակահատվածում քարոզարշավի շրջանակում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է: Վերջինս դրական տոնայնությամբ առավելապես լուսաբանվել է «Կենտրոն»-ի, բացասական տոնայնությամբ՝ «5-րդ ալիք»-ի և «Կենտրոն»-ի եթերում:

Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավին նախորդած շաբաթվա ընթացքում  (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենամեծ ծավալը հատկացվել է«Իմ քայլը» դաշինքին (38%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (27%) և ԲՀԿ-ն (9%): Քաղաքական գործիչներից քարոզարշավի շրջանակում ամենաշատը լուսաբանվել է Նիկոլ Փաշինյանը, նրա հաջորդում են Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը:

Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի առաջին կեսին բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը, մյուսների նկատմամբ զգալի առավելությամբ, «Իմ քայլն» (42%) է, նրան հաջորդում են ՀՀԿ-ն (22%) և ԼՀԿ-ն (12%): Հատկանշական է, որ ԼՀԿ-ի համար լայն լուսաբանում է ապահովվել 1in.am-ի էջերում, որտեղ նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը այս կուսակցության մասին հիշատակումները զգալիորեն ավելի քիչ էին: Մշտադիտարկման ենթարկված 5 առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի առաջին 6 օրերին և՛ դրական, և՛ բացասական տոնայնությամբ ամենաշատը լուսաբանվել են «Իմ քայլը» և ՀՀԿ-ն: Առցանց լրատվամիջոցներում քարոզարշավի շրջանակում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ Հանրային հեռուստաընկերության կողմից պահպանվել է քաղաքական ուժերին անվճար եթերաժամանակ տրամադրելու կարգը, բացի այդ, հեռուստաալիքների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմաններով տրամադրվել է վճարովի եթերաժամանակ: Այնուամենայնիվ, «5-րդ ալիք»-ի եթերում վճարովի քաղաքական գովազդները սկսվել են ժամը 17:00-ից՝ փաստացի դուրս մնալով փրայմ թայմից և հետազոտության մեջ տեղ չեն գտել: Վճարովի եթերաժամանակից ամենաշատը օգտվել է ԲՀԿ-ն՝ (առավելապես «Կենտրոնի» եթերում), իսկ ՔՈ և ԱԱԿ կուսակցություններն ընդհանրապես չեն օգտվել:

Մշտադիտարկման ենթարկված ժամանակահատվածում բանավեճեր կազմակերպվել են Հանրային հեռուստաընկերության և «5-րդ ալիքի» կողմից: Հանրայինի եթերում բանավեճի շրջանակում ուղղակի խոսքի հնարավորությունից ընդհանուր առմամբ ամենաշատը օգտվել է ԲՀԿ-ն, իսկ քաղաքական գործիչներից՝ Գարեգին Չուգասզյանը (ՍԾԿ): Կարելի է ասել, որ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում կազմակերպված 5 բանավեճերի ժամանակ քաղաքական գործիչների համար հավասար եթերաժամանակ չի ապահովվել:

«5-րդ ալիքի» եթերում կազմակերպված «Դեմ առ դեմ» բանավեճի ժամանակ ընդհանուր առմամբ ապահովվել է հավասար ժամանակ բոլոր թեկնածուների համար: Մյուսներից մի փոքր երկար ժամանակ է հատկացվել Ռուբեն Ռուբինյանին («Իմ քայլը») և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանին (որոնք բանավիճում էին միմյանց հետ), ամենաքիչ խոսելաժամանակը բանավեճի շրջանակում տրվել է ՀՀԿ թեկնածու Մարգարիտ Եսայանին:

Մշտադիտարկման արդյունքները նաև ցույց են տվել, որ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերն ակտիվ քարոզարշավ են իրականացրել նաև Ֆեյսբուքյան տիրույթում: Քարոզչության համար բոլոր քաղաքական ուժերն օգտագործել են իրենց պաշտոնական էջերը, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների անձնական օգտահաշիվները և պաշտոնական էջերը: Դրանք հիմնականում ինտենսիվորեն տարածել են իրենց քարոզարշավը լուսաբանող հոլովակներ, տեսանյութեր և լուսանկարներ, մեծ թիվ են կազմել քարոզարշավների ուղիղ եթերները: Ֆեյսբուք տիրույթում քարոզարշավի կարևոր առանձնահատկություններից են նաև քաղաքական գործիչների կողմից հրապարակումները, որոնցում բացահայտ մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին: Շատ հաճախ ընդհանուր տեղեկատվական հոսքի մեջ ուշադրությունից դուրս են մնացել էջերում հրապարակված նախընտրական ծրագրերը:

Միջանկյալ զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: