Պատվաստումների առաջիկա գործընթացի առանցքում լինելու են բարձր տարիքի անձինք և քրոնիկ հիվանդները. նախարար

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը մարդաշատ է, բավական ակտիվ է անցնում Պատվաստումների օրը:  Միաժամանակ գործող  պատվաստումային 4 կետերում մեկ ժամում 6 տասնյակից ավելի մարդ պատվաստվել է, հերթագրվել է շուրջ 300 հոգի: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք հետևում են պատվաստումների գործընթացին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նման հանրային նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն, ու պատվաստողների թիվը օրեցօր ավելանում է:  

«Պատվաստվողների թիվն օրեցօր աճում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն: Ցավոք, մենք հետևում ենք, թե օրը քանի մարդ է մահանում մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել, որի ընթացքը հնարավոր է մեղմ անցկացնել:

Առաջիկա շաբաթների աշխատանքի թիրախային խումբը լինելու են 65 և բարձր տարիքի քաղաքացիները և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք: Հորդորում եմ մեր տատիկ, պապիկներին, խնդրում եմ, մի սպասեք, օր առաջ պատվաստվեք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

«Եկեք պատվաստվենք» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում և առաջիկայում այն շարունակական է լինելու: Նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին, Երևանի «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր»՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,  Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Նոյեմբերի 7-ին  մայրաքաղաքում գործող շարժական  պատվաստումային  կետերը չեն գործելու, ամբողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:

Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի»,  «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: