Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան-Իվ լը Դրիանի և Ֆլորենս Պարլիի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։

Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության համագործակցության ֆրանս-ռուսական խորհրդի շրջանակներում։ Ինչպես հայտնում է Eurasia Diary-ը, այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Ռուսական այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, ինչպես նաև այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որ տարածաշրջանում հայկական և ադրբեջանական համայնքները ձևավորեն վստահության մթնոլորտ, առօրյա հարցերը լուծեն կառուցողական փոխզիջումների ոգով:

Աղբյուր՝ Factor.am