Տեղեկատվական խառնաշփոթ ուշացող Pfizer-ի շուրջ․ FIP.am

Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ առաջիկայում երկիրը կստանա Pfizer-BioNTech պատվաստանյութ, սակայն մինչ օրս Հայաստանը չունի պայմանագիր մատակարար ընկերության հետ, և ըստ իշխանությունների՝ բանակցությունները շարունակվում են։

Պատվաստանյութի ուշացման պատճառներից մեկն անհրաժեշտ սառցարանների բացակայությունն էր, քանի որ Pfizer-ը պահանջում է հատուկ պահպանում, որը տարբերվում է հաստատված մյուս պատվաստանյութերի մեծամասնության պահման պայմաններից։ Այս թեման ևս դարձավ շահարկումների առարկա․ մասնավորապես՝ քննարկվում էր թեզը, թե ինչպես է երկիրը պահպանում Moderna պատվաստանյութը, եթե դրա և Pfizer-ի համար անհրաժեշտ են նույն պայմանները։ 

«Փաստերի ստուգման» հարթակը որոշել է անդրադառնալ պատվաստանյութերի մասին այս և նմանատիպ հարցերին։ 

Պատվաստանյութն ուշանում է 

Կառավարությունը դեռ այս տարվա հուլիսի վերջին էր Pfizer և Sinopharm պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով 3 մլրդ 459 մլն դրամ հատկացնելու որոշում կայացրել։ 

Չինական պատվաստանյութի մատակարարման հետ խնդիրներ չեղան, սակայն Pfzier-ի մատակարարումը մինչ օրս հետաձգվում է։ Սեպտեմբերի սկզբին Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ «եթե ուշացումներ չլինեն», ապա պատվաստանյութը Հայաստան կհասնի սեպտեմբերի կեսերին, իսկ հոկտեմբերի սկզբին հայտարարեց, թե շուտով պարզ կլինեն պատվաստանյութի ներկրման ժամկետները։

Նոյեմբերի սկզբին «Փաստերի ստուգման հարթակի» ուղարկած հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ մատակարար ընկերության հետ կնքված պայմանագիր չկա, իսկ բանակցություններն ընթացքի մեջ են։ Ըստ վերջին հայտարարության՝ Հայաստանը Pfizer կստանա մինչև տարեվերջ։ 

Pfizer-ը չի կարող ազդել գենի վրա

Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ ուսումնասիրությունների, կազմում է 95 տոկոս, իսկ ծանր դեպքերի դեմ այն 100 տոկոս արդյունավետ է։ «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը պատվաստանյութերի արդյունավետությանը կարող եք գտնել այստեղ։

Pfizer և Moderna պատվաստանյութերը մի շարք նմանություններ ունեն, որոնք պայմանավորված են դրանց տեսակով․ ի տարբերություն ներկայում կիրառվող մյուս պատվաստանյութերի՝ սրանք ի-ՌՆԹ պատվաստանյութեր են։ 

Այս տեսակի պատվաստանյութերը մարդկանց օրգանիզմին վիրուսի ժառանգական կոդի՝ սպայկ սպիտակուցի մասին տեղեկություն են փոխանցում: Այս պատվաստանյութերը մարդու օրգանիզմ տեղափոխելու ժամանակ օրգանիզմը COVID-19 վիրուսի նման արհեստականորեն սպայկ սպիտակուց է սկսում արտադրել, ինչի արդյունքում էլ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են արտադրվում: Հակամարմինները վերացնում են մարդու օրգանիզմում սինթեզավորված սպայկ սպիտակուցները, և այդպիսով ստեղծվում է COVID-19 վիրուսի դեմ իմունիտետ: 

Ինչ պայմաններում են պահվում Moderna-ն և Pfizer-ը 

Թեպետ երկու պատվաստանյութերն էլ պահանջում են պահման առանձնահատուկ պայմաններ, Pfizer-ի համար այդ պայմաններն ավելի առանձնահատուկ են։ Մինչև պատվաստանյութի սրվակը բացելը, այն պահանջվում է պահել -80-ից -60 աստիճան ջերմաստիճանում։ Moderna-ն, նախքան կիրառության մտցնելը, պահանջվում է պահել -25-ից -15 աստիճան ապահովող սառցարաններում։

Կլինիկաներում արդեն պատվաստանյութերը պահվում են -8-ից -2 աստիճան պայմաններում՝ մինչև մեկ ամիս՝ կախված տարբեր պայմաններից։ 

«Փաստերի ստուգման հարթակը» նաև հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք Հայաստանն ունի Pfizer-ի պահման համար անհրաժեշտ սառցարաններ։ Ըստ ԱՆ պատասխանի՝ Հայաստանն արդեն ունի նմանատիպ սառցարաններ և պատրաստվում է ձեռք բերել ևս 9 նմանատիպ սառցարան։ 

Այսպիսով, Pfizer-ի մասին հայկական մամուլում տարածվող իրարամերժ տեղեկությունները կա՛մ մանիպուլյատիվ են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ պատվաստանյութի Հայաստան մատակարարումը, ըստ իշխանությունների, ուշանում է մատակարար ընկերության հետ խնդիրների պատճառով։

Փաստերի ստուգման հարթակ