Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը

Այս տարի լրանում է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի գործունեության 20 տարին: Տարիներ առաջ հունվարի 8-ին ռեեստրում հավաքագրվեցին ոսկրածուծի առաջին դոնորները՝ պատրաստակամություն հայտնելով համատեղելիության դեպքում նվիրաբերել իրենց դոնորական ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին:

Այս 20 տարիների ընթացքում կամավոր դոնորների թիվը հասել է 30.000: Ռեեստրի անցկացրած դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան, անցյալ տարի մեզ միացավ նաև Իսրայելը: Այսպիսով, մեր մեծ ընտանիքի մաս են կազմում բոլոր հայաշատ համայնքների ներկայացուցիչները:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային Կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային Ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ և սերտորեն համագործակցում է աշխարհի բոլոր ռեեստրների հետ:

Այս տարիների ընթացքում 32 կամավոր հայ դոնորներ նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները հայ և այլազգի հիվանդների: Անցյալ, 2018 թվականին, հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող իրանցի մի աղջիկ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Հայ դոնորը՝ “Տաշիր բժկական կենտրոն’’ ՓԲԸ-ի տնօրեն Գեորգի Իլոյանն էր, ով լինելով մասնագիտությամբ բժիշկ իր կյանքի ուղին արդեն իսկ կապել է մարդկային կյանքերի փրկության հետ։ Բժիշկը, առանց մեկ վարկյան վարանելու, անցավ բջիջների հավաքմանը նախորդող ողջ նախապատրաստական փուլը և ՈԴՀՌ Ցողունային Բջիջների Հավաքման բաժնում նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։

Ռեեստրի լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում (լիցենզավորվել է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից, նաև 2006 թ-ին հավատարմագրվել է Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) կողմից)։

2018 թվականին հերթական անգամ Եվրոպայից ժամանած տեսուչների կողմից լաբորատորիան կրկին ստացավ հավաստագիր: Ստուգումն անցկացվեց Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) երկու տեսուչների կողմից, որոնք բարձր գնահատեցին լաբորատորիայի աշխատանքի որակը և ևս մեկ անգամ հաստատեցին, որ այն համապատասխանում է Եվրոպական ստանդարտներին: Ռեեստրի լաբորատորիան համագործակցում է ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի, Արաբկիր բժշկական կենտրոնի երիկամների փոխպատվաստման բաժանմունքի և բազմաթիվ բժշկական կենտրոնների հետ, իրականացնելով HLA տիպավորում և HLA անտիգենների որոշում, որոնք ասոցված են բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների հետ՝ այսպիսով նպաստելով այդ հիվանդությունների ճիշտ ախտորոշմանը:

Միաժամանակ Ռեեստրում գործում է նորարարական կարևոր մի ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից հեմատոպոետիկ և մեզենխիմալ  ցողունային բջիջների անջատումը և սառեցումը: Արդեն ավելի քան 100 նորածիների ցողունային բջիջներ են պահպանման հանձնվել մեր կենտրոնին:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել հայ և այլազգի հիվանդների հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է 30.000 դոնոր, ռեեստր դիմած 4698  հիվանդի հետ նախնական համընկնող 4637 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 32-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: