Ոստիկանություն կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր

Ոստիկանություն կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր
Ոստիկանություն կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր

Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ տեսաձայնագրման համակարգերի կիրառման ինչպես տեխնիկական առանձնահատկություններին, այնպես էլ իրավական հիմքերին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է պիլոտային նախաձեռնություն՝ նախատեսված ԵՄ-ի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով, որի համաձայն Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես՝ հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր:

Ծրագրի իրականացման նպատակով ընթանում են համապատասխան տեխնիկական սարքերի և համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ: 

Այցի ընթացքում Բելֆաստի ոստիկանության մասնագետները հանգամանալիորեն ներկայացրեցին ձերբակալվածներին պահելու վայրերում, ինչպես նաև հարցաքննության սենյակներում կիրառվող տեսաձայնագրման համակարգերը, դրանց կիրառման տեխնիկական և իրավական կանոնակարգերը:

Պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրման ժամանակակից համակարգեր՝ համապատասխան իրավական հիմքերի նախատեսման հետ զուգահեռ: Ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև

Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում: 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում տեսաձայնագրման համակարգերի ներդրումը միջազգային բարենպաստ փորձի հետևանք է և ուղղված է խոշտանգումների կանխարգելմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը։