Արայիկ Հարությունյանը ծանոթացել է օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ  համանուն շրջանի՝  Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների  համար նոր բնակավայր է կառուցվում:

Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել  բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:

Բնակավայրը կունենա  խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։