(Չ)պատերազմ․ հայկական բանակի կորուստները վերջին 12 տարիներին․ FIP.am

Հայկական բանակում շարունակում է բարձր մնալ զինծառայողների մահացության դեպքերի քանակը։ Ամեն տարի արձանագրվում է միջինում 45 մահվան դեպք, որոնց թվում՝ սպանություններ, ինքնասպանություններ, ավտովթարներ, հիվանդության հետևանքով մահվան դեպքեր և այլն։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արձանագրվել է 20 զինծառայողի մահվան դեպք։ 

«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է 2010-ից մինչ օրս արձանագրված դեպքերը՝ հասկանալու՝ արդյո՞ք տարիների ընթացքում մահվան դեպքերի քանակը նվազել է, թե՞ ոչ։ 

Հոդվածում ներառված չեն 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմների ընթացքում՝ հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքերը։ Նշենք նաև, որ դատախազությունը տարանջատում է ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված մահվան դեպքերը․ եթե զինծառայողի մահը գրանցվել է զորամասից դուրս, ապա այն համարվում է ծառայության հետ չկապված դեպք: Հոդվածում դիտարկված են միայն ծառայության հետ կապված մահվան դեպքերը։

2010-ից մինչև 2021-ը արձանագրված բոլոր մահվան դեպքերը՝ ներառյալ ինքնասպանությունները, սպանությունները, դժբախտ պատահարները և այլն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը, սակայն, FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ դատախազության այս տարանջատման հետ։ Խաչատրյանի խոսքով՝ իրականում պարզ չէ՝ զորամասից դուրս գրանցված դեպքերը որքանով են կապված քաղաքացու ծառայության հետ։

«Օրինակ՝ զորամասից դուրս ինքնասպանություն է տեղի ունեցել, դժվար է չափել` ինքնասպանությունը ծառայության հետ կապ ունեցե՞լ է, թե՞ ոչ, ինչ-որ բան դրդե՞լ է զինվորին արձակուրդի ժամանակ ինքնասպանություն գործել։ Կամ հիվանդության պատճառով արձակուրդի ժամանակ մահացել է՝ ծառայության հետ կապվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասում է ՀԿ-ի ղեկավարը։ 

Դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ Ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին՝ 2014 և 2015 թվականին, բավական բարձր է եղել հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքերի քանակը։ 2014-ին գրանցվել է հակառակորդի կողմից կատարված 26, 2015-ին՝ 38 սպանության դեպք, մինչդեռ 44-օրյա պատերազմին նախորդող տարում՝ 2019-ին, գրանցվել է հակառակորդի կողմից 4 սպանության դեպք։

Հոգեբանական աջակցության պակասը՝ ինքնասպանությունների պատճա՞ռ

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների տարիներին գրանցվել են նաև մեծ թվով ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր։ 2016-ին և 2020-ին գրանցվել է, համապատասխանաբար, 14 և 13 դեպք։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը կարծում է, որ ինքնասպանությունների բարձր թվի պատճառն այն է, որ պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներին պատշաճ հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվել։

«Պետությունը, եթե զորակոչում է քաղաքացուն և դա պարտադիր գործընթաց է, պետք է պարտավորություն ունենա քաղաքացու առողջության, կյանքի համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու»,- ասում է Էդգար Խաչատրյանը։

FIP.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։ Ի պատասխան, ՊՆ-ից տեղեկացնում են, որ ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում Զինված ուժերի բարոյահոգեբանական վարչության հետ համագործակցության շրջանակներում հոգեբանական աջակցման և վերականգնողական աշխատանքներում ներգրավվել են բուհերի, քաղաքացիական բուժհաստատությունների, հոգեբանական օգնության կենտրոնների և հասարակական կազմակերպությունների շուրջ 150 կամավոր հոգեբան մասնագետներ։ 

Բացի այդ, կառավարության՝ 2021-ի փետրվարի 4-ի որոշմամբ հաստատվել է 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Մրցույթով ընտրված՝ հոգեբանական աջակցության «Կոնսորցիում» ընկերությունը ԱԻՆ համակարգմամբ հոգեբանական աջակցություն է տրամադրել մարտական գործողություններին մասնակցած և նրանց հետ առնչություն ունեցող անձանց։

ՊՆ-ից հայտնել են նաև, որ փետրվարի 2-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ է գտնվում գերությունից վերադարձած մեկ զինծառայող։

Այլ դեպքեր

Ինչ վերաբերում է հիվանդության հետևանքով մահվան դեպքերին, ապա դիտարկված ժամանակահատվածում ամենաբարձր թիվը գրանցվել է 2010-ին (9 դեպք)։ 2016-ին և 2020-ին գրանցվել է հիվանդության հետևանքով մահվան 5-ական դեպք։

Դիտարկվող ժամանակահատվածում չի եղել տարի, որ բանակում սպանության, ավտովթարի, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահվան դեպքեր չգրանցվեն։

Ամենամեծ թվով դեպքերը նշված են նարնջագույն, աղբյուրը՝ Գլխավոր դատախազություն

Փաստերի ստուգման հարթակ