Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, տեղեկացնում է ՍԴ-ն։

Աշոտ Խաչատրյանը 1987-1989 թթ. և 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ. աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:

2004-2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

2020 թվականի հուլիս-հոկտեմբեր օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: