ԱԺ նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանցի պատգամավորների այցը իրանական Կապույտ մզկիթ և դրա հետ ուղեկցվող քարոզչական գրառումը ուղղակի հարված է ոչ միայն մեր պատմությանը, այլ նաև տարածաշրջանում իրանական մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ:
Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումը (ինչպես դա եղավ Նախիջանում և փորձում են իրագործել այժմ Արցախում), ինչպես նաև՝ պատմության խեղաթյուրումը ադրբեջանական կողմի հայտնի գործելաոճն է: Այս մզկիթը մշտապես կարևորվել է մեր իրանցի բարեկամների կողմից՝ որպես մշակութային ժառանգության սիմվոլ Հայաստանում:
Ավելին, 2004 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում անձամբ այցելել է Երևանի Կապույտ մզկիթ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է էմոցիոնալ և անբովանդակ աղմուկի փոխարեն աշխատել մեր իրանցի գործընկերների հետ և հասնել հստակ գնահատականների ադրբեջանական հերթական քարոզչական սադրանքին ի պատասխան:
Իմ համոզմամբ՝ այս դեպքի առթիվ իրանական կողմը պետք է որ ասելիք ունենա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրքիշիլին այցելել են Կապույտ մզկիթ, որի մասին գրառում են կատարել սոցիալական ցանցերում՝ պարսկական Կապույտ մզկիթը ներկայացնելով որպես ադրբեջանական։