Ռուստամ Բադասյանը հանդիպել է արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու  դրանց կարգավորման ուղիները:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը:  

ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին:

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին.

«Իհարկե, սա նաև նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան և հնարավորություն կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաև՝ ստանան լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն ներկայացվող պահանջները»:

Ի դեպ, նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողներն, իրենց փորձից ելնելով, նշել են, որ այն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ կարճ ժամանակում կարողանում են ստանալ ապրանքը և տնօրինել, ըստ նպատակային կիրառության:

Նշվում է, որ հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:  Տնտեսվարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են՝ իրականացվում են բոլոր քայլերը՝  մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը հանձնարարել է աշխատանքային հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ: