Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի կառավարության ապրիլի 12-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ քննարկումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը։

Տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող գործողությունները լինելու են նիստի առաջնահերթ թեմաներից, ինչպես եղել է վերջին մի քանի նիստերում։

Գնահատվելու են Թուրքիայի դիվանագիտական ջանքերը ՌԴ և Ուկրաինայի ղեկավարներին մի սեղանի շուրջ բերելու և մշտական հրադադարի հասնելու համար։

Կառավարության օրակարգում լինելու են նաև արտաքին քաղաքականության և տարածաշրջանային այլ հարցեր։

Գնահատվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առաջիկա ժամանակահատվածում պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք համատեղ քայլերը, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները։

Թուրքիայի ներքին կյանքին վերաբերող հարցերում առաջին պլան մղվող թեմաներից են լինելու տնտեսությանը վերաբերող հարցերը։

Քննարկվելու են բարձր գնաճի  դեմ ձեռնարկվելիք միջոցները։