Ինչպես դիմակայել շոգին. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդներ է տալիս՝ ինչպես դիմակայել շոգին:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս՝ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում մի՛ մնացեք դրսում. պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից. օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։

Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո. օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել. հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն. մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում. մի՛ գտնվեք չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ մի՛ մնացեք արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում. ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը. ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից. հետևե՛ք, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա,այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, հագնվե՛ք ջերմաստիճանին համապատասխան: