Այսօր Վայոց ձորի մարզում ավարտվեց ամառային զորակոչը, և նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը:
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Այսուհետ «Հայ-զինվոր» բարձր կոչումը կրող երիտասարդներին ուղղված իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը մաղթեց համարձակորեն նայել առաջ, արժանապատվորեն և քաջաբար ծառայել հայրենիքին, համառորեն ձգտել բոլոր նպատակների ու առաջադրանքների իրականացմանը։
«Ոչ բոլորին է վիճակված կրել հայրենիքի պաշտպանի բարձր առաքելությունը. կրել արժանապատվորեն։
Սա դժվար և պատասխանատու գործ է, և միայն Հայաստանի Հանրապետության հավատարիմ ու նվիրյալ որդիներն են ունակ ծառայել հայրենիքին և նպաստել հայրենի հողում խաղաղության և կայունության ապահովմանը։
Դուք նրանցից մեկն եք»։