«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հերքում է, որ երեկ Երևանում տեղի ունեցած հանրահավաքը, որի ժամանակ բռնության կոչեր են հնչել, կապ ունի «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Վահան Կոստանյանը գրել է․ «Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։
Տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»։
Նշենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Հայաստանի անկախ դատական համակարգի: Ակցիայի ընթացքում բռնության կոչեր են հնչել, մասնակիցները հայտարարել են, որ քարերով պետք է ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Նրանք նաև երթ են անցկացրել՝ վանկարկելով «Անսերժ, անռոբ Հայաստան»։