17-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալների համաձայն՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։

Նախաքննության ընթացքում Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2005թ. ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է, հարցաքննվել և տվել խոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: