««Արզնի» գործարանից դուրս չի գալիս նորմերի խախտումներով սնունդ». ընկերության արձագանքը

Մարտի 15-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։  Փորձաքննությամբ պարզվել էր, որ  10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ 

6-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Արզնի կաթ» կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանաված նորմերին. կաթնաշոռում առկա էր աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ մեծաքանակ (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում) բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսօր ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Հարգելի սպառողներ,

15.03.2023թ-ին «Հետք» լրատվական կայքում տեղ է գտել «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր․ կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ հրապարակումը։ Լրատվամիջոցների կողմից նմանօրինակ հետևողականությունը հատկապես սննդի ոլորտին, միանշանակ գովելի է։ Դա բխում է թե՛ սպառողների, թե՛ բարեխիղճ տնտեսվարողների շահերից։

Սակայն նյութի մեջ նշվում է, թե «Արզնի կաթ» կաթնաշոռի մեջ լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքայի ցուպիկ, բորբոսասնկեր և խմորասնկեր։ Այս առիթով հարկ ենք համարում մի քանի դիտարկում անել Բորբոսասննկերի և խմորասնկերի առկայությունը նորմայի սահմաններում թույլատրելի է և ոչ մի կերպ չի վնասում առողջությանը։

«Հետքը» «Արզնի» կաթնաշոռի մասով չի ներկայացրել թվային հստակ ցուցանիշներ, որոնք ցույց կտան իրական պատկերը և շփոթության մեջ չեն գցի ընթերցողին։Այնինչ, մյուս բոլոր ընկերությունների դեպքում այդ տվյալները նշված են։ Մենք արդեն փորձել ենք կապ հաստատել լրատվամիջոցի հետ, խնդրել տրամադրել փորձաքննության թվային տվյալները։ Տեղեկատվություն ստանալու մեր բոլոր ջանքերը, ցավոք, անցել են ապարդյուն։

Վստահորեն նշում ենք, որ «Արզնի» գործարանից ոչ մի դեպքում դուրս չի գալիս վտանգված, սահմանված նորմերի խախտումներով սնունդ։ Այն ամեն անգամ ենթարկվում է խիստ ստուգման։ Ուստի, վստահ ենք, որ նշված շեղումներն առաջացել են արդեն երկրորդային կամ երրորդային շղթաններում։

Ընդ որում, դրանց քանակը նորմայի սահմաններում է։ Հստակ չէ նաև, թե երբ է ձեռք բերվել կաթնաշոռը և որքան ժամանակ անց է ներկայացվել լաբորատորիա։ Այդ ընթացքում ինչ պայմաններում է պահվել արտադրանքը։ Մեր սպառողների համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ «Արզնի կաթ» ընկերությունն իր գործունեության մեջ միշտ ազնիվ է եղել գնորդի հետ, առաջնահերթությունը տվել է սպառողի առողջությանն ու անվտանգությանը։

Հենց դրան է միտված այն, որ արտադրանքը պատրաստվում է բացառապես սեփական կովերի անարատ կաթից ներդրված է կթման ավտոմատացված համակարգ, որ պահպանվեն անվտանգության նորմերը արտադրանքն անցնում է լաբորատոր հետազոտության մի քանի փուլ ողջ գործընթացը՝ արոտավայրից մինչև շուկա իրականցվում է սանիտարահիգենիկ խիստ պահպանվող պայմաններում և վերահսկվում է մեր կողմից վերահսկվում է անգամ տեղափոխության ընթացքը․ մթերքը շուկա է հասնում բարձրորակ սառնարանային մեքենաներով, որ ճանապրհի ընթացքում այն պահպանի իր որակն ու թարմությունը։

Մեր արտադրանքն արդեն ուղարկվել է լաբորատորիա՝ հավելյալ ստուգում անցնելու համար։ Պատասխանը հստակ կլինի գալիք շաբաթվա ընթացքում։ Արդյունքները պարտադիր հանրայնացվելու են։

Մեկ անգամ ևս, արդեն հրապարակայնորեն, խնդրում ենք «Հետք» լրատվականին մեզ տրամադրել լաբորատոր փորձաքննության տվյալներն ամբողջությամբ։ Մեր սպառողի առողջությունը, անվտանգությունն ու վստահությունը միշտ եղել են, կան ու կմնան առաջին տեղում։ Մենք պատրաստ ենք իրականացնել անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, որոնց շնորհիվ մեր գնորդը վստահ կլինի, որ ձեռք է բերում անվտանգ մթերք։

Պատասխատու կերպով հայտարարում ենք, որ «Արզնի կաթ» գործարանում իրականացվում է ամեն անհրաժեշտը, որ դուք, սիրելի՛ սպառողներ ստանաք միայն անվտանգ կաթնամթերք։ Առաջիկայում սպասեք մեր լաբորատոր փորձաքննության արդյունքներին։

Սիրով՝ Արզնի թիմ: