Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

Վարչապետը հիշեցրեց՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված:

«Մենք խնդրել ենք, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպն անհասկանալի և անընդունելի է»,-ասաց Փաշինյանը:

Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Վարչապետը սա,  իհարկե, անհեթեթ պնդում համարեց՝ նկատելով, սակայն, որ դա օգտագործվում էր որպես պատրվակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար:

ԼՂ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա: Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են այդ բեռնատարների վերը հիշատակված պարունակությանը:

«Ինչո՞ւ, ուրեմն, Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մոտքը ԼՂ, մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը  ԼՂ ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը: Սակայն, անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, քանի որ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Լաչինի միջացնքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը ԼՂ ընդհակառակը՝ կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին: