Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը  շարունակվում է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս  մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավորն էլ  պետք է իմանա, որ այդ պրոցեսի մասնակից պիտի լինի: Այսինքն՝ չեն կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»,- ասաց Ավինյանը: