Հայաստանյան 13 հասարակական կազմակերպություն դատապարտել են հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնությունը և կոչ արել ուսումնասիրել միջադեպին մասնակցած պատգամավորների վարքագիծը։
Նրանք պահանջում են նաև իրավական գնահատական տալ հնարավոր հանցավոր գործողություններին։
Նոյեմբերի 3-ին տարածած համատեղ հայտարարությունում կազմակերպությունները տեղի ունեցածը որակել են որպես խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին հակասող վարքագիծ։
«Քաղաքացիները պատգամավորներին մանդատ չեն տվել՝ բռնություն կամ խուլիգանական բնույթի գործողություններ կատարելու, քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժով լուծելու կամ նման վարքագծի համար անպատիժ մնալու համար»,- ասված է հայտարարությունում։
ՀԿ-ները կոչ են անում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուսումնասիրել նիստի ամբողջական տեսագրությունը, միջադեպին առնչվող մյուս նյութերը և գնահատել մասնակից պատգամավորների գործողությունները։
Կազմակերպությունները պահանջում են էթիկայի կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան եզրակացություն ընդունել, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում դիմել իրավապահ մարմիններին։
Նրանք նաև կոչ են անում իրավապահներին պատշաճ քննություն իրականացնել՝ անկախ միջադեպին մասնակցած անձանց պաշտոնից կամ պատգամավորական կարգավիճակից։
Հայտարարության հեղինակները քննադատել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի արձագանքները։
«Խիստ մտահոգիչ են նրանց՝ միջադեպը սովորական համարող և արդարացնող դիրքավորումները»,- նշված է հայտարարությունում։



















