Հրկիզվել է Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը. «Ազատություն»

Հրկիզվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, հաղորդում է FOX26 NEWS-ը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Վերջին շրջանում 6 նման միջադեպի հետևանքով այրվել է 19 ծեր նոճի, իսկ ուրբաթ երեկոյան գլխավոր մուտքի երկայնքով 8 ծառ է այրվել, հաղորդել է գերեզմանատան ղեկավարությունը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան։

Գերեզմանատան խորհուրդը մտահոգություն է հայտնել միջադեպերի առնչությամբ՝ նշելով, որ հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին, դարպասներն ու կամարը հստակ ընդգծում են, որ գույքը հայկական է:

Ընդգծելով, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, խորհուրդը չի բացառել, որ սա ատելության հողի վրա արված հանցագործություն լինի։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։