Պետք չէ ռուսների դուրս գալը մեծ նվաճում ցույց տալ, դա նշանակում է, որ դու պարտվել ես այդ տարածքում, ու ռուսները դուրս են գալիս. Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, ինչպես ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք մարզերից։ Ինչպե՞ս եք գնահատում ձեռք բերված այս պայմանավորվածությունը։

– Առաջինը պետք է սպասել, որ դա իրականություն դառնա, երբ դու գործ ունես Պուտինի հետ, մի քիչ դժվար է հավատալ խոսքին, դուք տեսել եք Ռուսաստանն ինչպես է պահում իր տված խոստումները։ Երկրորդ՝ Ռուսաստանը դուրս է բերել իր ուժերն այն հատվածներից, որտեղ արդեն խնդիրներ չեն մնացել, այն տեղերից, որտեղ Հայաստանը գնացել է մաքսիմալ զիջումների, որը պահանջում էին Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Տավուշում Ադրբեջանն ստացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները, ու այնտեղ արդեն ռուսական զորքերի տեղակայումն իմաստ չունի։ 

Ռուսական զորքերը սովորաբար կանգնում են այնտեղ, որտեղ կան խնդիրներ, ու դրանք լուծվում են հօգուտ Ադրբեջանի, և այնտեղից ռուսները դուրս են գալիս։ Դրա համար էլ իրենք դուրս են գալիս Տավուշից, որովհետև այնտեղ խնդիրները լուծված են իմ կարծիքով, բայց դուրս չեն գալիս Մեղրիից, Թուրքիայի հետ սահմաններից, որտեղ Հայաստանն ունի խնդիրներ։ Դրա համար, մի կողմից, կարելի է ասել, որ սա լավ լուր է, մյուս կողմից էլ՝ սա մասսայական լուծում չէ: Մենք կստանանք լուծում, երբ Ռուսաստանի սահմանապահները լրիվ դուրս կգան այն սահմաններից, որտեղ չեն եղել առնվազն մինչև 2020 թվականը, դուրս կգան Մեղրիից, Թուրքիայից, ու մենք կկարողանանք հասնել նրան, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վերանա։ 

Սա սահմանափակ լուր է, որին ես չեմ հավատում, կսպասեմ, երբ ռուսներն իսկապես դուրս գան, դա տեղի չի ունեցել «Զվարթնոցից»։ Խոստանում են մինչև օգոստոս, բայց մինչ այդ և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում կարող է մեծ փոփոխություն տեղի ունենալ, պետք չէ հավատալ կամ ոգևորվել։

– Այսինքն՝ կարծում եք, որ եթե Ռուսաստանի սահմանապահները դուրս գային, Հայաստանի համար ավելի լավ կլիներ, բայց չեք հավատում, որ դուրս կգան։

– Դուրս են գալիս, որովհետև խնդիրները լուծել են, հանձնել ենք այդ չորս գյուղերը, բարձունքները, այդտեղ խնդիրները լուծված են, հիմա ադրբեջանական զորքերն են կանգնելու այնտեղ, ռուսական զորքերն այնտեղ պետք չեն։ Որտեղ գալիս են ադրբեջանական զորքերը, այնտեղ ռուսական զորքերը պետք չեն, եկել, գրավել են Արցախը, այնտեղից ռուսական զորքերը դուրս են գալիս։ Ռուսաստանն օգնում է իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանին, Թուրքիային հասնել իրենց նպատակներին։ 

Ռուս-թուրքական դաշինքը գործում է ի դեմ Հայաստանի, ոչ մի նոր բան չկա, ու պետք չէ ռուսների դուրս գալը մեծ նվաճում ցույց տալ, դա նշանակում է, որ դու պարտվել ես այդ տարածքում, ու ռուսները դուրս են գալիս։ Ասել, որ սա լավ նորություն է, ես չեմ կարող, դա քո պարտության հետևանքն է։

– Պարո՛ն Արզումանյան, որ ասում եք՝ ռուս-թուրքական դաշինքը գործում է Հայաստանի դեմ, արդյոք դրանում տեսնո՞ւմ եք ՀՀ գործող իշխանության պատասխանատվությունը։ 

– Իհարկե, բայց Հայաստանի իշխանությունը չի ճանաչում որևէ պատասխանատվություն 2020-ից սկսած, նրանք վաղուց սահմանադրական դաշտից դուրս են եկել։ 

– ԵՄ-ին անդամակցելուն վերաբերող հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ինքը ցանկություն ունի հենց այսօր էլ դա անել։ Դուք տեսնո՞ւմ եք այդ ուղղությամբ տարվող գործուն քայլեր։

– Իհարկե ոչ։ Մտածել, որ Հայաստանը կարող է շուտ մտնել ԵՄ, ճիշտ մոտեցում չէ, այդ գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել, դրա համար պետք չէ խաբել ու խաբվել, թե դա հեշտ գործընթաց է։ Երկրորդը, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունը լիովին մնում է ռուսական վեկտորի ռազմավարության տակ, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ինչ-որ շրջադարձ անել ու փոխել վեկտորը։ 

2020-ից հետո Ռուսաստանից կախվածությունը միայն մեծացել է, իշխանությունների իրական քայլերը չեն համապատասխանում խոսքին, ու դրանք ուղղակի ասվում են, որ հասարակությանը նորից խաբեն։ Եթե դու ուզում ես ԵՄ մտնել, պետք է բոլորովին այլ ռազմավարություն տանես, բայց դու դա չես անում, փոխարենը պոպուլիստական խոսքերով ես առաջ շարժվում։ Կարող է Եվրոպան ինչ-որ քայլ անի՝ արագացնելով գործընթացները, բայց դա ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։ 

– Բայց եթե ասում եք, որ Փաշինյանն իրականում չի ուզում վեկտոր փոխել, ինչպե՞ս է Եվրոպան դա անելու։

– Դա լինելու է Նիկոլ Փաշինյանի դիմադրությունը հաղթահարելով, նա ուղղակի դիմադրելու է, ու կուզենա՞ Եվրոպան հաղթահարել դա, կախված է աշխարհաքաղաքական ասպարեզում եվրոպական ռազմավարությունից։ Դա հարց է, որը մեզանից կախված չէ, դրանք ուժային կենտրոնների ձեռքին են, մենք, ցավոք սրտի, սպասողի վիճակում ենք, չնայած վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները դիմադրելու են դրան, բայց անշուշտ խոսելու են, որ իրենք ուզում են անդամակցել Եվրոպային և այլն։ 

Այս չորս տարվա ընթացքում արդեն սովորել ենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն ու գործերը իրար չեն համընկնում։ Դրա համար նրան լսել պետք չէ, պետք է լսել ուժային կենտրոններին, առաջնորդներին, թշնամիներին, ցավոք սրտի։ Ցավալի է, որ քո թշնամին ավելի ճիշտ է խոսում Հայաստանի ապագայի մասին, քան քո երկրի ղեկավարը, իսկ այդ ապագան իրենք վաղուց ձևավորել են․ Պուտինը, Էրդողանը, Ալիևը նպատակ ունեն Հայաստանը ոչնչացնել՝ վերածելով «Արևմտյան Ադրբեջանի», սրա մասին պարզ խոսում են ու քայլ առ քայլ գնում այդ նպատակի իրականացմանը։

– Հնարավոր չէ՞ այդ նպատակի իրագործմանը խոչընդոտել։

– Իհարկե կարելի է, բայց դու պետք է կամք ունենաս, իսկ Հայաստանի իշխանությունն այդ կամքը չունի, իրենք հարմարվում են այդ քաղաքականությանն ու փորձում են իրենց տեղը գտնել։ Հայաստանի իշխանություններն այսօր հակահայկական ու հակապետական են իրենց վարքով ու մարտավարությամբ։ Այս վիճակում դժվար է խոսել փոփոխությունների մասին, դրանք տեղի կունենան, երբ տեղի ունենա իշխանափոխություն Հայաստանում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am