«Հայերենի համար սեղմեք մեկ», «Ա՛յ թուրք ղարաբաղցի, հայերեն խոսա, ա՛յ ուռոդ», «ԱՌԱՆՑ ԹԱԼԱՆՉԻ ՄԱՐԴԱՍՊԱՆ քՈՉ սերժիկ ռսաստրուկ կարաբախսկի կլան ՀԱՅԱՍՏԱՆ»։ Սրանք բառացի և նույն ձևով մեջբերումներ են այն մեկնաբանություններից, որոնք հաճախ կարդում են Արցախի բարբառով «Փոդքաթ» փոդքասթի հեղինակները։
Անցած տարի Արցախից բռնի տեղահանումից հետո երիտասարդ լրագրողներ Տաթևիկ Խաչատրյանն ու Մարիամ Սարգսյանը որոշեցին հարազատ բարբառով փոդքասթ սկսել։ Բայց նորից ու նորից բախվում են ատելության խոսքին մեկնաբանությունների տեսքով, փողոցում երբեմն լսում են մեղադրանքներ արցախցիների հասցեին։ Իրենց վերջին էպիզոդում լրագրողներն անդրադարձել են «արցախցի-հայաստանցի» մեղադրանքներին և Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքին։
Քանի որ փոդքասթի հեղինակներին անձամբ եմ ճանաչում, մենք նաև հաճախ գործընկերներով քննարկում ենք, թե որքան է արցախցիների նկատմամբ «բացասական» վերաբերմունքը առանձնահատուկ կամ տարբերվող մեր ավանդական հայկական «մարդաՉԸհավան» վերաբերմունքից:
Արցախցիների նկատմամբ վերաբերմունքն իհարկե իր քաղաքական, քարոզչական շերտն էլ ունի: Երբ տարիներ շարունակ իշխող վերնախավը ասոցացվում էր Արցախի հետ, և որքան աճում էր ատելությունն այդ վերնախավի նկատմամբ, այնքան այս ատելությունը պրոյեկտվում էր Արցախի վրա:
Բայց չնայած այս հանգամանքին, այն բանին, որ այսօր էլ շատ մեդիաներ և անհատներ իրենց կարիքների համար շահարկում են ատելության խոսքը «հայը հայի դեմ» սկզբունքով, բաժանում են մարդկանց ոչ միայն ըստ ծննդավայրի, այլ նաև ըստ աշխատավայրի, ըստ արտահայտած կամ անգամ չարտահայտված մտքերի… մի խոսքով, չնայած այս ամենին, ես կարծում եմ, որ մեր այս ԱՈՒՏՈՌԱՍԻԶՄԻ հիմքում, եթե շատ փորենք, կգտնենք մեկ, հիմնական, հաստ արմատ: Այն է՝ մանկամտությունը: Ինֆանտիլիզմը:
Այս եզրույթի թերևս գլխավոր բաղադրիչը սեփական գործողությունների, մտքերի և ձախողումների համար պատասխանատվություն չստանձնելն է: Սեփական անհաջողությունների համար մեղավորին գտնելը: Ինչպես մեր տատերն էին ծեծում աթոռը, որին փոքր տարիքում մենք միամիտ հարվածում էինք մեր ոտքը, այնպես էլ մենք են շարունակում արտաքին հանգամանքներին «խփել», որոնք կամա թե ակամա կանգնեցին մեր առջև:
36 տարի առաջ Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքում ապրում էին բազմաթիվ մարդիկ, որոնք ազգությամբ հայ էին: Ապրում էին այդ քաղաքում արդեն մի քանի սերունդ, նրանցից շատերը հայերենը գրեթե մոռացել էին, նրանցից շատերը Արցախի տեղն անգամ քարտեզի վրա դժվարությամբ ցույց կտային: Այս մարդիկ ապրում էին հանգիստ, իրենց կյանքով, ոչ ոքի ոչինչ չէին անում:
Հետո սկսվեց Արցախյան շարժումը, և Երևանում ու Ստեփանակերտում ցանկություն հայտնեցին Արցախը տեսնել Խորհրդային Հայաստանի կազմում:
Ինչ արեցին կատաղած ադրբեջանցիները: Ճիշտ է, գտան իրենց կողքին գտնվող «մեղավորներին»: Ու տեղի ունեցան Բաքվի ջարդերը: Այս կոտորածից մազապուրծ եղած մարդկանց մի մասը հետո հայտնվեց Հայաստանում:
Եվ երբ մեր երկրում սկսվեցին ծանր ժամանակները, Երևանում էլ շատերը նրանց մեջ գտան եթե ոչ մեղավորներին, այլ գոնե «հանցակիցներին»: Մարդկանց, որոնք իրենց գոյությամբ արդեն իրենց վրա էին կրում մյուսների «վատ ապրելու» համար պատասխանատվությունը:
Ինչո՞ւ հիշեցի Բաքվի հայերին: Որովհետև, իմ կարծիքով, Արցախի հետ կապված խնդիրը նույնն է: Սեփական նպատակները ուրվագծելու ոչ ունակ, սեփական գործողությունների գինը հաշվի չառնող հանրությունը կամ նրա էլիտան նեղն ընկնելուն պես գտնում է իր սխալների մեղավորին արտաքին դաշտում:
Համայնքը քաղաքական ազգից տարբերվում է նրանով, որ պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել: Այն մտածում է կարճ ժամանակի և տարածության մեջ: Մեր գյուղը լավ լինի՝ արդեն լավ ա, եթե հարևան գյուղի պատճառով խնդիրներ ունեցանք, ուրեմն պետք է ոչ թե խնդիրները վերացնել, այլ հարևան գյուղին անուն կպցնել և հեռու մնալ նրանից:
Այս մտածելակերպի տարբեր դրսևորումներ արտահայտվում են մեր հասարակության տարբեր շերտերի մոտ, ամենատարբեր ծավալներով:
Սա թերևս անցած 30 տարիների ընթացքում պետական քաղաքականության տոտալ ֆիասկոյի հետևանքն է: Չստացվեց ճեղքել պաթոսի վերածելը, ձևն առանց բովանդակության, սին խոսքերի և կրկնվող վարքի շրջապտույտը, քանի որ այսպես կառավարելը, կաշառք բաժանելը, արագ հարց լուծելն ավելի հեշտ թվացին: Այսպես ավելի հեշտ էր տեղական փոքր համայնքներում դառնալ փոքրիկ «թաԳավոր» և հագուրդ տալ սեփական եսասիրությանը: Այսպես ամեն ինչ ավելի կայուն էր թվում:
Որպես հետևանք ունենք այն, ինչ ունենք: Եթե կողքի գյուղում հրդեհ է բռնկվել, մեր միջից շատերն ասում են՝ դրանցից ու դրանց կրակից հեռու: Եթե հարևանի տանը գող ավազակ է մտել, հասարակության մեջ կգտնվեն մարդիկ, որոնք արագ կվազեն սեփական ոսկիներն ավելի խորունկ փորելու:
Այսպիսով՝ երբ խոսում ենք արցախցիներին, գյումրեցիներին, երևանցիներին, լոռեցիներին, հայաստանցիներին, քաղաքացիներին ու գյուղացիներին թիրախավորելու մասին, մեր հասարակության մեջ սա սեփական խնդիրների թիրախավորումն է նշանակում:
Ես վատ եմ ապրում՝ ես կգտնեմ դրա մեղավորին: Ես ամաչում եմ, որ գյուղացի եմ՝ ես կգտնեմ նրան, ում կարելի է մեղադրել իմ ամոթի համար: Ես ինձ ձախողակ եմ համարում, որովհետև հայաստանցի եմ՝ ես կգտնեմ դրանում մեղավոր «շուստրի թռած» սփյուռքին:
Եթե իմ կյանքն արտասահմանում չի ստացվել, կամ ինձ լիարժեք հայ չեմ զգում, ես կգտնեմ հայաստանաբնակ մեղավորներին, որոնք չեն կարողանում մի կարգին երկիր կառուցել, մարդ գնա ապրի:
Եթե ես տանուլ եմ տվել պատերազմ ու պետական նպատակների շինարարությունը, ես կգտնեմ իմ պարտության, իմ թուլության համար մեղավոր խմբին և ցույց կտամ նրանց, թե ինչ վատն են նրանք, որ իրենց գոյությամբ թույլ չեն տալիս գլուխս գովելով ապրեմ, առաջվա նման…
Լիանա Խաչատրյան
MediaLab.am