«Ազգ-բանակ»․ ի՞նչ է ի վերջո ուզում վարչապետը խրամատ փորողներից 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Եթե պատերազմում պարտվում ենք ու ունենք անվտանգության խնդիր, ուրեմն մեղավոր են կռվել չուզող ազգը, օրհներգը, հայրենիքի գաղափարը և այլն։ Հիմա էլ մեղադրյալի սյունին է գամվել «ազգ-բանակ» հայեցակարգը։ 

Պարզվում է՝ դրա պատճառով է, որ մեզ դրսերում ազգ-նահատակ են ճանաչում։ Փաստորեն եթե դարասկզբին բանակ չլիներ, ապա ցեղասպանությունը․․․ բայց մի րոպե, 1915 թվին իրոք բանակ չկար։ Բա ինչո՞ւ մեզ կոտորեցին։ 

Օսմանահպատակ էինք։ 

Գրիգոր Զոհրապին կհիշեք, մի հրաշք մարդ էր, Թալեաթ փաշայի հետ էլ մոտ էր։ Կրթված, զարգացած, ընդհանրապես սարի ֆիդայի չէր։ Տնից դուրս հանեցին, քարով գլուխը ջարդեցին․․․

Ժամանակին մի ռուսական թերթում կարդացի լրագրողի տպավորությունները իսրայելական բանակի գեներալի սենյակից։ Նա պատմում էր, որ պատին Գերմանիայում գտնվող հայտնի համակենտրոնացման ճամբարի նկարն էր, որի վրայով թռչում էր իսրայելական ռազմական ինքնաթիռ։ 

Հավանաբար ինչ-որ զորավարժությունների ժամանակ էին նկարահանել։ 

Լրագրողի հարցին, թե ինչու է գեներալը համակենտրոնացման ճամբարի նկար փակցրել պատին, զինվորականը պատասխանել էր՝ սա հիշեցում է․ եթե այն ժամանակ լինեին իսրայելական ռազմական ինքնաթիռները, համակենտրոնացման ճամբար չէր լինի։ 

Ես հասկանում եմ, որ այս մտորումները հասարակ մարդու մեջ դիսկոմֆորտ են առաջացնում։ «Ազգ-բանակ» հայեցակարգը դիմում է անխտիր բոլորին ու մի տեսակ բարձր հարկ է պահանջում՝ ժամանակի, ջանքի ու հավատքի տեսքով։ 

Այս հայեցակարգի կողքին միշտ էլ, առնվազն մեր երկրի անկախությունից ի վեր, հոսել է հակադիր գաղափարը՝ լինել «հասարակ-ազգ»։ Մի կողմ թողնենք, որ հասարակ ազգ հասկացություն բնության մեջ չի հանդիպում, դա միայն մեր գլխում կարելի է մոդելավորել, ու փորձենք հասկանալ, թե իրականում ինչ ի նկատի ունենք` «հասարակ ազգ», «պարզապես պետություն» ասելով։ 

Մեծ հաշվով սա կռիվ է «աշխատելու, ջանք գործադրելու» և «ոնց կա` թող մնա, խախանդ ապրենք»-ի միջև։ 

Տարօրինակ է, բայց երկու գաղափարներն էլ ծնվում են վախից։ Քանի որ երկու գաղափարներն էլ իրենց ներսում ունեն մեկ լուռ հարց՝ ինչ անել երկու պետությունների արանքում, որոնք մեծ հաշվով մեր գոյության իմաստը չեն տեսնում։ 

Հոգեբանության մեջ վախի դեպքում մարդկանց և կենդանիների մոտ առանձնացնում են երեք տեսակի հիմնական արձագանք՝ փախչել, կռվել և քարանալ: Մեծ հաշվով մեր ժողովուրդը օգտագործում է երեքն էլ՝ մի մասը պատրաստվում է կռվի և ամեն օր մտովի կռվում է, մյուս մասը ընտրում է փախչելու ռազմավարություն, կառավարությունն էլ կարծես առաջարկում է քարանալը: Եկեք մեռած ձևանանք, այդ դեպքում մեզ արջը գուցե չհոշոտի։ 

Դրա համար դաշտից պետք է վերացնել բոլոր աղմկողներին։ Թե կռվողները, թե փախչողները չափից դուրս բարձր են գոռում։ Մինչդեռ մենք պետք է փորձենք շունչներս պահել։ Այդ դեպքում գուցե թշմամին մտածի, թե մենք գոյություն չունենք, մեզ վրա ռեսուրս վատնելու իմաստ չլինի, մենք վտանգավոր չենք․․․

Ցավոք սրտի, բնության մեջ քարանալը թերևս ամենաանարդյունավետ ռազմավարությունն է։ Փախչելը կամ կռվելը շատ ավելի են բարձրացնում վտանգից գլուխդ ազատելու շանսերը։ Պրիմատներից մինչև նախնադարյան մարդկային ցեղեր․․․ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կողմերից մեկը իր վրա ագրեսիվ հարձակվելու հնարավորությունը նվազեցնում է կամ արագ փախչելով, կամ կռվելով։ 

Ինչ են փաստացի առաջարկում ազգ-բանակ հայեցակարգն առաջ տանողները։ Նրանք ասում են՝ մենք չունենք բնական ռեսուրսներ կամ երևելի աշխարհագրական դիրք, հետևաբար մեր տարածքն այնքան էլ գրավիչ չէ։ 

Այս պարագայում եթե ունենանք լավ պաշտպանված տեղական համայնքներ, մեկ միլիոն զենք բռնել կարողացող և որոշակի հմտությունների տիրապետող բնակչություն, թշնամին կգիտակցի՝ անգամ եթե մտնի քաղաք, հանդիպակաց բոլոր շենքերի բոլոր պատուհաններից իր վրա կրակելու են։ 

Մարդկային հնարավոր կորուստների թիվը, գումարած մեր անհրապույր աշխարհագրական դիրքը Հայաստան ներխուժումը թշնամու համար դարձնում է շատ թանկ։ Սա չի նշանակում, թե չպետք է զարգանալ, սա չի նշանակում, թե պետք է փակվել կամ սարքել տոտալիտար ռազմական ճամբար։ Հակառակը՝ ազգ-բանակ հայեցակարգը ենթադրում է ցանցային, հորիզոնական համագործակցություն։ Նորագույն տեխնոլոգիաներն էլ՝ մեզ օգնական։ 

Մեր կառավարությունը, սակայն, անկախ նրանից, կլինի ընդդիմություն թե իշխանություն, նման լուծումը չի հավանում։ Քարանալը, լավագույն դեպքում՝ ուրիշ արտաքին ուժի հովանու ներքո քարանալը, շունչը պահած կանգնելը միշտ եղել է մեր երկրի իշխանությունների թիվ մեկ ռազմավարությունը անվտանգության հարցում։ 

Ինչպես նախկին կառավարությունն էր առաջարկում «Հրապարակ մտցնել «Իսկանդեր»» և այս ռուսական բռունցքը խորհրդանշող զենքի կողքին քարանալ ու կանգնել, այնպես էլ ներկայիս կառավարությունն էլ առաջարկում է խմբվել միջազգային իրավունքի շուրջը ու զգաստ կանգնել։ 

Չգիտեմ՝ ո՛ւր է տանելու այս ռազմավարությունը։ Ո՞րն է մեր նպատակը։ Դառնալ փլուզվող աշխարհակարգի վերջին հուշաքա՞րը։ Եվս մեկ բարոյական հաղթանա՞կ արձանագրել։ Այս անգամ նահատակներ հաշվել հանուն միջազգային իրավունքի՞, որի հետ այլևս կարծես ոչ ոք հաշվի չի նստում։ 

Ի՞նչ է փաստացի առաջարկում մեր կառավարությունը, բացի հին ու բարի քարանալուց, որ այսպես ինքնամոռաց հարձակվում է «ազգ-բանակ» գաղափարախոսության վրա: Շատերը կասեն՝ պրոֆեսիոնալ բանակ: Բայց ՀՀ ԶՈՒ հրապարակած Բանակի կերպափոխման հայեցակարգում անգամ սևով սպիտակի վրա գրված է տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտության մասին, որը, ենթադրվում է, պետք է համալրվի նաև կամավորներով:  Հետևաբար ինչպես էլ պտտվես, առանց հանրության ներգրավվածության չի կարող պաշտպանություն լինել: 

Աշխարհի ոչ մի երկիր դեռ կոչ չի արել սեփական քաղաքացիներին պաշտպանել պետությունը հանուն տնտեսական աճի: Ոչ ոք վտանգի չի ենթարկում իր կյանքը հանուն ընդհանուր տնտեսական աճի: Առավել ևս, որ այդ աճը մեր երկրում հիմնականում վերաբերում է առանձին վերցրած մի քանի տասնյակ ընտանիքների:

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am