«Երբ շուկան կայացած չէ, Ryanair-ը ոչ թե կարող է, այլ անպայման կբարձրացնի գները». Հակոբ Ճաղարյան

«Երբ շուկան կայացած չէ, Ryanair-ը ոչ թե կարող է, այլ անպայման կբարձրացնի գները». Հակոբ Ճաղարյան
«Երբ շուկան կայացած չէ, Ryanair-ը ոչ թե կարող է, այլ անպայման կբարձրացնի գները». Հակոբ Ճաղարյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետի խորհրդական, ավիացիայի ոլորտի փորձագետ Հակոբ Ճաղարյանը

– Պարո՛ն Ճաղարյան, պաշտոնապես ազդարարվեց, որ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի շուկա և մատչելի փոխադրումներ է իրականացնելու դեպի եվրոպական երկրներ։ Ի՞նչ հնարավորություններ է սա ստեղծում մեր ավիացիայի շուկայում, միաժամանակ ի՞նչ խնդիրներ կարող են լինել։

– Ցանկացած կայացած շուկայում լոուքոսթերն ունի իր տեղն ու պահանջարկը։ Այսինքն՝ եթե շուկան հագեցած է, կա մրցակցություն, որի հիման վրա ստեղծվել է շուկայի հավասարակշռություն՝ առաջարկվող գների և որակի, այդ դեպքում այստեղ հայտնվում է լոուքոսթերը և ասում՝ ես ձեզ որակ չեմ տալու, բայց ես ձեզ գին էլ չեմ տալու։

Ասում է՝ ես ցածր գին եմ տալիս, բայց նաև ինձանից որակ էլ մի սպասեք, դուք նստելու եք, նստարանների արանքում եղած տարածքը քիչ է, բիզնես կլաս չկա, ուղեբեռ չկա, ջուր ու ուտելիք պետք է գնեք, օդանավակայանում ռեգիստրացիա չկա, դուք պետք է օնլայն անեք։ Բայց այդքանով հանդերձ, ես քեզ տալիս եմ կես գին։ Շատ մարդկանց դա ձեռնտու է, և թռչում են դրանով։

Ես ներկայացրել եմ Հայաստանի ավիացիայի զարգացման հայեցակարգը, որը նախատեսում է այդպիսի տնտեսվարողների գործունեությունը Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես ավիացիոն շուկայում։ Դա տրամաբանական է, բայց դա կայացած շուկայում հերթական առաջարկությունն է։ Երբ շուկան կայացած չէ, լոուքոսթերը դառնում է գործիք։ Եվ նրան արգելակող ոչ մի գործիքակազմ չկա, որ նա գները չբարձրացնի։ Նա նոր ուղղություններ է բացում, այդ ուղղությունների վրա միայն ինքն է աշխատում։

– Այսինքն՝ ընթացքում կարող է գները բարձրացնե՞լ։

– Ես կարծում եմ, որ ոչ թե կարող է, այլ անպայման կանի այդ բանը։

– Այսինքն՝ մեր ավիացիայի շուկան դեռ կայացած չէ և պատրա՞ստ չէր նման ընկերության մուտքի։

– Իհարկե, ո՞նց կարող է կայացած շուկա լինել առանց մրցակցության։ Մրցակցությունը միայն դրսից եկող ընկերությունների միջև է, նրանք մեր կողմից մրցակցություն չունեն։

Շուկան միշտ պատրաստ է լոուքոսթեր ընկերություն ընդունելու, բայց հարցը հետևյալն է՝ նա կմնա՞ լոուքոսթեր, թե՞ չի մնա։ Եթե նա լոուքոսթեր չլինելու հնարավորություն ունի՝ մրցակցություն չունենալով, նրա շարժառիթները որո՞նք են, որ նա լոուքոսթեր մնա։

– Այս հարցերը քննարկվե՞լ են Կառավարությունում, ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետը ձեր նշած խնդրի վերաբերյալ։

– Ես վարչապետի խորհրդականն եմ, վարչապետի հետ քննարկվել է շուկան առողջացնելու հայեցակարգը, այն ընդունվել է Կառավարության կողմից։ Հայեցակարգում կան մի շարք քայլեր, այսինքն՝ դա բազմակողմանի գործողությունների հայեցակարգ է, որի առանցը քաղաքականությունն է, թե մենք ի՛նչ ենք ուզում։

Կառավարությունն ուզում է շուկան առողջացնել և այն բացթողումները, որոնք եղել են նախկին կառավարությունների ժամանակ, վերացնել։ Կառավարությունը հասկանում ու տեսնում է, որ առողջացման ուժեղ գործիք է տեղական փոխադրողների գոյությունն ու նրանց գոյության ապահովումը։ Դա հաջորդ քայլն է։ Այսինքն՝ Կառավարության հայեցակարգի ողնաշարը հետևյալն է՝ տեսլական, քաղաքականություն, օրենքներ, որոնք կապահովեն դա, իրավասու մարմիններ, որոնք այդ օրենքները կկատարեն։

Կառավարությունը գնում է այդ ճանապարհով։ Դրա մեջ մտնում են նաև երկիր մտնող ուղևորահոսքի կառավարումը, թռիչքների ծավալների կառավարումը, թույլ չտալ, որ ինչ-որ մեկը գները չհիմնավորված բարձրացնի կամ դեմպինգ իրականացնի։ Սրա գործիքներից մեկը տեղական փոխադրողի առկայությունն է, մյուսը՝ շուկայում բազմապիսի տնտեսական համակարգեր ունեցող ավիաընկերությունների ներկայությունը։ Բազմապիսի տնտեսական համակարգ ունեցող ընկերության ներկայությունն ավելի շուտ եղավ, քան սեփական փոխադրողի ստեղծումը։

– Այո, այս հարցը բուռն կերպով քննարկվում է, որ առանց տեղական փոխադրող ունենալու ինչո՞ւ են նման ընկերության մուտքն ապահովում շուկա։ Դրանք մեկը մյուսին հակասո՞ւմ են։

– Լոուքոսթերը ստիպված է այդպես աշխատել այն շուկայում, որտեղ ուրիշ տարբերակ չունի։ Մեր շուկայում նա ունի ուրիշ տարբերակ, նա լոուքոսթեր չլինելու հնարավորություն ունի։ Նա չի խանգարելու տեղական արտադրողին, մի փոքր խոչընդոտ կարող է լինել, բայց ոչ ավելին։

– Այսինքն՝ ամեն դեպքում Հայաստանը գնում է ազգային փոխադրողի ինստիտուտի կայացման ճանապարհո՞վ։

– Ազգային փոխադրող չի նշանակում, որ ես քեզ նշանակում եմ ազգային փոխադրող։ Դա վիրտուալ ստատուս է, այն երկրի միակ կամ հիմնական փոխադրողն է, որը ստեղծվել է երկրի օրենքներով, աշխատում է երկրի օրենքներով, հարկեր է մուծում երկրին։ Ազգային փոխադրող չի նշանակում, որ պետությունը պետք է ստեղծի մի բան, ֆինանսավորի այդ ընկերությանը, նրա համար ջերմոցային պայմաններ ստեղծի։ Այդ դեպքում այդ ընկերությունը հաստատ «կզոհվի»։

Հիմա տեսեք՝ Ryanair-ը որոշել է մի քանի ուղղություններ սպասարկել, որտեղ ինքը բազաներ ունի։ Տրամաբանական է, նա պետք է թռչի այնտեղ, որտեղ բազա ունի։ Տեղական փոխադրողը կարող է թռչել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Օրինակ՝ Ryanair-ը տուրիստական սեզոնին չի թռչելու Կիպրոս, Հունաստան, Եգիպտոս, նա ոչ մի թռիչք չի կատարելու Ռուսաստան։

Իմ հայեցակարգով Ryanair-ը կարող է որոշակի բարդություններ ստեղծել եվրոպական ուղղություններով, քանի որ հիմա մի փոքր փոփոխություններ կկատարի եվրոպական ուղղությունների վրա։ Բայց եվրոպական ուղղությունները մեր շուկայի մեկ երրորդից ավելին չեն, հետևաբար, նա ուղևորափոխադրումների վեկտորը փոխելու հնարավորություն չունի։ Իսկ տեղական փոխադրողը պետք է կատարի այն թռիչքները, ինչի կարիքն ունի իր ազգաբնակչությունը, և ինչի պահանջարկը կա։

– Տեղական փոխադրողի մասով ե՞րբ նորություններ կլինեն։

– Ես արդեն պատրաստել եմ փաթեթը, մոտ օրերս դա կներկայացվի վարչապետին։

– Ryanair-ի վերաբերյալ հայտարարությունից հետո նաև տեղեկություններ եղան, որ ՀՀ պետական բյուջեից պետք է յուրաքանչյուր ուղևորի համար մոտ 80 եվրո տրամադրվի այդ ավիաընկերությանը, որպեսզի այն էժան թռիչքներ իրականացնի։ Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, բյուջեից գումար հատկացվելո՞ւ է։

– Ես դրա մասին ոչ մի բան չեմ ասի, որովհետև այդ բանակցություններին չեմ մասնակցել, պայմանավորվածությունների մասին չգիտեմ։ Գիտեմ այնքան, ինչքան վարչապետը հայտարարել է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am