Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը ու ներողություն խնդրի. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

-«Հայաստանում ռևանշիստները բավական շատ են։ Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ կրկին փորձեր են ձեռնարկվում տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է մեր բանակը ամրապնդել, և մենք դա անում ենք»։ Տիկի՛ն Հայրապետյան, Իլհամ Ալիևի այս հայտարարությունը ո՞ւմ է ուղղված, ու արդյոք սա սպառնալի՞ք է, որ հնչեցնում է Ադրբեջանի ղեկավարը։

– Ադրբեջանի ղեկավարը հանդիպում ունենալով այն ադրբեջանցիների հետ, որոնց իրենք տեղափոխում են Իվանյան՝ օկուպացված Խոջալու, ելույթ է ունեցել, որտեղ մի քանի տեսանկյունից թիրախավորել է Հայաստանը։ Նա իր խոսքում կրկին Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ կիրառել է «թշնամի, ատելի թշնամի, բարբարոս» և այլ տերմիններ, որոնք մշտապես կիրառելի են նրա մոտ, բացի դրանից՝ նշում է, որ իրենք այնպիսի ջախջախիչ հարված են հասցրել Հայաստանին իրենց գործողություններով, որ համոզված է, որ Հայաստանն այլևս երբեք չի համարձակվի հանդես գալ Ադրբեջանի դեմ ու բառացի ասում է. «Թեև Հայաստանում ռևանշիստներ շատ կան, մենք հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր կան մեր դեմ տարածքային պահանջներ առաջ քաշելու, դրա համար մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ու այդպես էլ անում ենք»։ 

Սրանից բացի նա հավելում է, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղն ու նաև ամբողջ այն տարածքները, որոնք Ադրբեջանի վերահսկողության ու օկուպացիայի տակ են, իրենք վերածում են ուժեղ պաշտպանական գոտու ու հսկայական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ 

Եթե հիշեք՝ մեր զրույցների ժամանակ քանիցս ասել եմ, որ Քարվաճառը դառնում է ռազմականացված գոտի ու հնարավոր պլացդարմ Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Ադրբեջանի ղեկավարի այս խոսքերը՝ որպես այդպիսին, կրկնվում են, այդտեղ նորություն չկա։ 

Ելույթի մի հատվածում էլ նա նշել է, որ Հայաստանը պետք է ընդունի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը ու ներողություն խնդրի։ Սա Ադրբեջանի կողմից առաջ քաշվող փաթեթի տարբեր կոմպոնենտներն են, ու դա հատուկ արվում է այն բոլոր «միամիտների» համար, որոնք կարծում են, թե Ադրբեջանի պահանջները բավարարելով՝ խաղաղություն են բերելու Հայաստանի համար։ 

– Արդյոք այս հայտարարությունը առաջնահերթ ուղղված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմա՞նը։

– Միանշանակ այո՛, այս շարժման կոնտեքստում Ադրբեջանում ակնհայտորեն աջակցություն են հայտնում Փաշինյանին: Օրերս նույնիսկ իրենց խորհրդարանում քննարկում են արել, տարբեր որակումներ են օգտագործել, իսկ իրենց խորհրդարանի խոսնակը կոչ է արել բոլոր պատգամավորներին, որոնք օտար լեզուներ գիտեն, շարժման մասին բացասական գրառումներ անել, նաև թիրախավորել Հայ Եկեղեցին ու Սփյուռքը։ 

Այսինքն՝ այս համատեքստում իրենք ակնհայտորեն աջակցում են ՀՀ իշխանություններին իրենց քարոզչական, պետական հնարավորություններով՝ մի կողմից դրանով ցույց տալով, թե որքան հարմար է այս իշխանությունն իրենց, որը կամազուրկ կերպով կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, մյուս կողմից՝ իրենք նաև դրանով շարունակաբար ապահովում են, որ Հայաստանում իրավիճակը թեժ լինի և այլն, այսինքն՝ մի քանի խնդիր են լուծում, բայց ակնհայտ աջակցություն Փաշինյանին անխոս ցուցաբերում են։ 

– Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամեն օր էլ լավ հնարավորություն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ու որ «մթնոլորտի էական փոփոխություն կա» այդ համատեքստում։ Ադրբեջանում և՞ս նկատում են այդ էական փոփոխությունը։

– Առաջընթաց կա ու առաջընթաց կա բացառապես Ադրբեջանի համար, Ադրբեջանը դիրքային առավելություններ ստացավ Նիկոլ Փաշինյանի հերթական զիջումների հետևանքով, և այդ տեսանկյունից, իհարկե, կա առաջընթաց Ադրբեջանի նպատակների իրականացման ճանապարհին, դա ակնհայտ փաստ է։ 

Ինչ վերաբերում է բուն գործընթացին. ես շատ առիթներ եմ ունեցել ասելու, որ այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է փաթեթավորել որպես խաղաղություն, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ Դու չես կարող առավոտից երեկո քո երկիրն «Արևմտյան Ադրբեջան» կոչող պետության հետ խաղաղություն կառուցել՝ երկու սյուն դնելով նրա համար ցանկալի կետում։ Չես կարող մի երկրի հետ, որը հստակ հայտարարում է, որ դուրս չի գալու քո երկրի օկուպացրած տարածքներից, խաղաղություն կառուցել։ 

Այդ քաղաքականության մեջ Հայաստանը ոչինչ չի շահելու ու չի էլ կարող շահել, ընդամենը նորանոր զիջումներ է անելու ուժի ու ուժի սպառնալիքի ներքո։ Դեռ չեն ավարտել մի հարցի լուծումը, Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը արդեն բաց տեքստով խոսում է, որ առաջիկայում պետք է հանձնվեն «անկլավային» տարածքները, դրանից հետո գալու է ճանապարհների հարցը, դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահն ասում է՝ դուք պետք է ճանաչեք «ցեղասպանությունը» ու ներողություն խնդրեք: Բնականաբար, խոսքն ավելի բարդ գործընթացի մասին է, որով փորձում են հայկական կողմին ներկայացնել ագրեսոր ու ցեղասպան։ Սա երկարաժամկետ, լավ պլանավորված գործողություն է, ու սկսում են հենց այդ կետից։ Սա պետական հստակ քաղաքականություն է, ու այդ կոնտեքստում ձեռառնելիք է խոսել խաղաղության մասին։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, չե՞ք բացառում, որ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելուց հետո Ադրբեջանը անգամ չստորագրի որևէ փաստաթուղթ։

– Միանշանակ այո՛, որովհետև եթե հետևեք տրամաբանությանը, այդ պահանջները, որոնք դնում է Ադրբեջանը ինչ-որ թղթի կտոր ստորագրելու համար, դրանց իրագործումը Հայաստանը որպես պետություն դարձնելու է ոչ կենսունակ պետություն, այսինքն՝ եթե Հայաստանի միջպետական ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ու Հայաստանն ամբողջությամբ կախվածության մեջ է հայտնվում Ադրբեջանից, ի՞նչ ինքնիշխանության, պետության մասին է խոսքը։ 

Արդեն ոչ մի թուղթ ստորագրելու կարիք էլ չի լինի, որովհետև կենսունակ պետություն էլ չի լինի, որ իրենք էլ վերջում ասեն՝ ձեր տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչենք, իհարկե չեն ճանաչելու։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ուզում ստորագրել առնվազն այս փուլում, իրեն պետք է գործընթաց, որով քայլ-քայլ հասնում է իր բոլոր նպատակներին՝ դրանց դիմաց Հայաստանին ոչինչ չտալով։ Ադրբեջանի համար շատ հարմար իրավիճակ է, բոլոր ձեռքբերումները Ադրբեջանինն են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am