Ադրբեջանը պարտքեր ունի վերադարձնելու, և եթե անհրաժեշտ լինի, կհրահրի ռազմական բախում. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի աշխատակազմի, ինչպե՞ս եք գնահատում։

– Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլը տարածաշրջանային ավելի ընդգրկուն զարգացումների համատեքստից կտրելն իրավիճակի առավել ստույգ գնահատման խոչընդոտ եմ համարում։ Բաքուն ու Երևանն ընդունում են, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն արժանացել է կողմերի հավանությանը և պատրաստ է ստորագրման։ Վարչապետ Փաշինյանը հանձնառու է անմիջապես ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ ադրբեջանական կողմը համաձայնագրի բովանդակության հետ կապ չունեցող նախապայմաններ է առաջ քաշում։ 

Ձևավորվել է մի իրավիճակ, երբ փաստաթուղթը բանակցված և փոխհամաձայնեցված է, սակայն դրա ստորագրումը կողմերից մեկի նախաձեռնությամբ առկախվել է։ Սա կարող է նշանակել, որ հակամարտության պահպանումն ինքնին ինչ-ինչ օտար շահեր սպասարկելու ներուժ ունի, որը ցանկացած պահի կարող է գործարկվել։ 

– Օտար շահեր ասելով ի՞նչ նկատի ունեք, ո՞ր երկրի շահերն է փորձում սպասարկել Ադրբեջանն այդպիսով:

– Կոչված է մեկտեղելու և սպասարկելու ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի շահերը։

– Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս ու հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող հայտարարություններով։

– Այժմ սրվում է իրավիճակն Իրանի հետ կապված։ Իսրայելում, Լիբանանում ու Սիրիայում իրանամետ ուժերի տապալմանը հետևեցին Եմենի հութիների դեմ ուղղված ռազմական գործողությունները։ Իրանի շուրջ, փաստորեն, օղակը սեղմվում է։ Եթե ինչ-որ ձևով նաև հայ-ադրբեջանական սահմանագոտու, հատկապես հարավային հատվածում սկսվեն ռազմական գործողություններ, ապա Իրանի հյուսիսարևմտյան շրջանների հարակից տարածքները կարող են Թեհրանի համար լուրջ անախորժությունների աղբյուր դառնալ, նաև նպաստել ներքին անջատողական շարժումների ակտիվացմանը։ Ադրբեջանի ընթացիկ քարոզչական գործողություններն արժի վերլուծել նաև այս տեսանկյունից։

– Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ հենց այդ պայմանագրի տեքստի համաձայնեցման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմն այսպես ակտիվացավ, սկսեց իբր հրադադարի խախտման մասին ահազանգել։

– Ադրբեջանն ասում է, որ փաստաթղթի հետ խնդիր չունի, բայց չի ստորագրի այն մինչև Հայաստանը Բաքվի պահանջած Սահմանադրության փոփոխությունները չկատարի։ Վարչապետ Փաշինյանը պատրաստ է փոփոխել Սահմանադրությունը, բայց դա, հավանաբար, կանի խորհրդարանի գալիք ընտրություններից հետո՝ իր թիմի հաղթանակի դեպքում։ Այսինքն՝ այս հարցում ևս ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են կատարելու Բաքվի պահանջը, բայց մոտ մեկ տարի հետո։ Սա նշանակում է, որ հենց առաջիկա մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում սպասվող փոփոխությունները, հատկապես Իրանի պարագայում, ինչ-որ վերջնարդյունքի պետք է հանգեն՝ խաղաղ ճանապարհով, թե՞ պատերազմով՝ դա արդեն կախված կլինի ընտրված սցենարի առանձնահատկություններից։

– Այս փուլում Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի՞:

– Իրանի թնջուկին վերջ տալու համար ընտրված սցենարի առանձնահատկությունները կթելադրեն, թե Բաքուն ինչ կոնկրետ քայլերի ստիպված կլինի գնալ։ Ադրբեջանը պարտքեր ունի, որ պետք է վերադարձնի, ու եթե իրենից պահանջվի որևէ ուղղությամբ ռազմական բախում հրահրել, ապա նա դա կանի։ 

– Ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը, որպեսզի կարողանա կանխել ադրբեջանական հնարավոր ռազմական ագրեսիան, պարո՛ն Մելիքյան:

– Հայկական կողմ չի տիրապետում ռազմաքաղաքական նախաձեռնությանը և, այս առումով, լիովին կախված է այլոց որոշումներից։ Մեր իշխանություններին հասանելի չեն որոշում կայացնող օտար շրջանակները, և, կարծում եմ, պաշտոնական Երևանը նրանց վրա անմիջականորեն ներազդելու համար անհրաժեշտ ներուժ չունի։ Առաջարկելու այնպիսի բան էլ չունի, որ գոնե հետաքրքրություն շարժի։ Խելքը գլխին առաջարկ ձևակերպելու համար մարդիկ պետք է ունակ լինեն նախապես ունենալ գլոբալ գործընթացների մասշտաբով գալիք իրադարձությունների արժանահավատ պատկերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am