Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի մարտի 18-ի հայտարարությունը՝ այն անվանելով անհիմն և խեղաթյուրող։
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը շարունակում են «սադրիչ գործողությունները» սահմանային գոտում, ինչը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաջիզադեն ընդգծել է, որ Բաքուն դեռ 2022-ից նախաձեռնել է խաղաղության գործընթացը, սակայն Երևանը «ամեն կերպ խոչընդոտել է բանակցությունները»։ Նա պնդել է, որ եթե Հայաստանը իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, ապա պետք է բացատրի, թե ինչպես է տարածաշրջանում զինտեխնիկայի կուտակումն ու ռազմական գործողությունները համատեղվում այդ դիրքորոշման հետ։
Բաքուն կրկին պահանջել է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ հավակնություն։
Հաջիզադեն նաև անդրադարձել է հաղորդակցությունների բացման խնդրին՝ մեղադրելով Երևանին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Չնայած Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող տրանսպորտային ուղիները բացելու վերաբերյալ ստորագրված և գրավոր պարտավորություններին, Հայաստանը չորս տարի շարունակ չի կատարել դրանք։ Փոխարենը՝ հայկական կողմը հանդես է եկել բարդ և անիրագործելի այլընտրանքային առաջարկներով՝ փորձելով շեղել ուշադրությունը գործընթացից։ Եթե Հայաստանի իշխանությունները իսկապես շահագրգռված են տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա նրանք պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և գործնական քայլեր ձեռնարկեն՝ հաշվի առնելով նոր իրողությունները», – հայտարարել է նա։
Ադրբեջանն ընդգծել է, որ կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը, սակայն «վճռականորեն կկանխի» ցանկացած գործողություն, որը, ըստ իրենց, հակասում է այդ գործընթացին։



















